Աշխարհ

Ժիրուն վաճառել է մարզաշապիկը և գումարը փոխանցել արցախահայերին

Ժիրուն վաճառել է մարզաշապիկը և գումարը փոխանցել արցախահայերին

Իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի հարձակվող և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուն աճուրդի է ներկայացրել իր մարզաշապիկը, որով ազգային թիմի կազմում 2022 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում հաղթել է Անգլիայի թիմին։

Այս մասին հայտնում է Nouvelles d’Arménie պարբերականը։ Ժիրուն այդ ժամանակ՝ խաղի 78-րդ րոպեին գոլի հեղինակ էր դարձել։

Աճուրդը կայացել է նախօրեին` «Առաքելության գիշեր» միջոցառման շրջանակներում։ Շապիկի վաճառքից ստացված միջոցները փոխանցվել է 2 քրիստոնեական կազմակերպության, որոնցից մեկը կոչվում է «Հույս Հայաստանի համար»։

Հիմնադրամը գործում է «Բաց դռներ» բարեգործական կազմակերպության գործընկերությամբ, որն աջակցություն է ցուցաբերում այդ թվում Լեռնային Ղարաբաղի հայերին, որոնք ավելի քան 6 ամիս ապրում են լիակատար շրջափակման պայմաններում։

«Բաց դռներ» և «Հույս Հայաստանի համար» հիմնադրամների միջոցառմանը ներկա Անն–Ֆլորանս Ռոշ և հովիվ Ռենե Լեոնյանը շնորհակալություն են հայտնել կազմակերպիչներին և այն դոնորներին, որոնք աջակցություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հայերին։

«Առանձին շնորհակալություն Օլիվիե Ժիրուին իր հավատի և մարդասիրության համար»,– ասել են նրանք։

Կիսվել էջում