Մամուլ

Թոշակը բարձրացել է 3000-4400 դրամով. ի՞նչ կփոխի այն թոշակառուների կյանքում

Թոշակը բարձրացել է 3000-4400 դրամով. ի՞նչ կփոխի այն թոշակառուների կյանքում

ArmLur.am-ը գրում է․ Երեկ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայարարեց, որ հուլիսի 1-ից կենսաթոշակները կբարձրանան քիչ աշխատանքային փորձ ունեցողների համար 4400 դրամով, իսկ 10 տարուց ավելի ստաժ ունեցողների համար 3000 դրամով:

«Հուլիսի 1-ից թոշակի նվազագույն չափը կդառնա 36 000 դրամ, ներկայիս 31 600-ի փոխարեն:

Այսինքն՝ կլինի 4400 դրամի ավելացում: Շատ տարիների ստաժ ունեցողների համար ավելացումը կլինի 3000 դրամով․ ինչո՞ւ, որովհետև մեծ թիվ են կազմում մինչև 10 տարի ստաժ ունեցող քաղաքացիները, որոնք խնդիր ունեն իրենց ծախսերը համապատասխանեցնելու պարենային զամբյուղին»,- ասել էր նախարարը:

Սակայն հարց է առաջանում թե ավելացված 3000-4000 դրամը որևէ կերպ նպաստում է, որպեսզի թոշակառուն կարողանա գնել պարենային զամբյուղի նվազագույն ապրանքները, թե՞ ոչ:

Նախարարի հայտարարությունից հետո ArmLur.am-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից, որոնք նշում են, որ 36.000 դրամ թոշակով անհնար է գոյատևել:

Այդ գումարը, անգամ չի բավարարում թոշակառուներին գնել ամսվա համար անհրաժեշտ դեղամիջոցների խմբաքանակը, իսկ պարենային զամբյուղը լցնելու մասին խոսք անգամ չի կարող գնալ:

Քաղաքացիների խոսքով՝ սա չնչին ավելացում է, և գրեթե ոչ մի կերպ չի օգնի լուծել իրենց կենցաղային հարցերը, մանավանդ այն դեպքում, երբ Հայաստանում թանկացումների ալիքը շարունակվում է և նվազելու միտում չունի:

Կիսվել էջում