Մամուլ

Թեհրանի կենդանաբանական այգու տնօրենը պաշտոնը թողել է եւ գալիս է Երևանի կենդանաբանական այգում աշխատելու

Թեհրանի կենդանաբանական այգու տնօրենը պաշտոնը թողել է եւ գալիս է Երևանի կենդանաբանական այգում աշխատելու։

Առաջիկա օրերին Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար է նշանակվելու այգու փոխտնօրեն Վլադիմիր Սիմոնյանը: Տնօրենի նշանակումը կարող է լինել միայն մրցութային կարգով:

Այս պահին Կենդանաբանական այգին մեկ փոխտնօրեն ունի՝ Վլադիմիր Սիմոնյանը: Օրենքով կարող են լինել երկուսը: Վլադիմիր Սիմոնյանին փոխտնօրենի պաշտոնում այս տարվա ամռանը նշանակել էր Կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Վերջինս, հիշեցնենք, Երեւանի քաղաքապետի տեղակալի առաջարկով անցած շաբաթ պաշտոնից ազատման դիմում ներկայացրեց: Պատճառն այն էր, որ այգում պահվող կենգուրուներն ու մուֆլոնները երկու օր անընդմեջ դարձան թափառող շների զոհը:

Մինչ այդ, Խաչատրյանը Հայաստան էր հրավիրել այգու նոր փոխտնօրենի: Փաստորեն, Խաչատրյանը գնաց որոշումն ու հրավերը ուժի մեջ մնաց:

Կենդանաբանական այգու հրավիրյալ փոխտնօրենը կենդանաբույժ է, երկար տարիներ զբաղեցրել է Թեհրանի Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնը: Այգու աշխատակիցները «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ նա մի քանի օր առաջ է հրաժարվել Թեհրանում իր պաշտոնից եւ գալիս է Հայաստան:

Մեր հարցին, թե ինչն է դրդել, որ վերջինս թողնի տնօրենի իր պաշտոնն ու գա Հայաստան փոխտնօրենի պաշտոնի համար, աշխատակիցները պատասխանեցին. «Համոզել ենք: Նոր փոխտնօրենի գալուց հետո մեր այգին կունենա երեք կենդանաբույժ:

Մարդկանց այն թյուր կարծիքներն ու անհիմն հայտարարությունները, թե Խաչատրյանը չէր ցանկանում մասնագետներ բերել այգի, բոլորովին չեն համապատասխանում իրականությանը»:

Աղբյուր՝ armtimes.com

Share