Մամուլ

Թանկ Նախագահը. ինչքա՞ն է հարկատուների համար արժեցել Սարգսյանի երդմնակալությունը

Lurer.com-ը գրում է․ ՀՀ 4-րդ Նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը արժեցել է 17 մլն դրամ կամ 35 400 դոլար։ Կառավարության գնումների կայքից տեղեկանում ենք, որ երդմնակալության արարողության կազմակերպման համար Ազգային ժողովը մարտի 30-ին պայմանագիր է կնքել «Աուտդոր Սերվիս» ՍՊԸ-ի հետ։ Ըստ պայմանագրի նկարագրի՝ «Աուտդոր Սերվիս» ՍՊԸ-ն պետք է իրականացներ Հայաստան ժամանած պաշտոնական պատվիրակությունների ընդունելության համար կազմակերպվելիք պաշտոնական միջոցառում, որը ներառում է լուսադիոդային էկրաններ, մետաղական ֆորմաներ, ընկերությունը կտեղադրի նաև լուսային սարքերը, կիրականացնի լայնաֆորմատ տպագրություն, կկատարվեն դրոշների ամրակների պատրաստում և տեղադրում:

Դրոշների, ծաղկե կոմպոզիցիաների պատրաստումը, բեմի երեսպատումը, լեդ էկրանների սպասարկումը և տեխնիկական աջակցությունը, ինչպես նաև միջոցառումից բխող այլ անհրաժեշտ ծառայությունները:   Նույն կայքից տեղեկանում ենք նաև, որ նախագահականի ծառայողական կայքի մշակման ծառայությունների համար ծախսվել է 250 հազար դրամ: Ծառայությունները մատուցել է «ՀԵԼԻՔՍ ԿՈՆՍԱԼՏԻՆԳ» ՍՊԸ-ն, որը Հայաստանում գործում է 1995 թվականից: Ընկերությունը զբաղվում է Վեբ-կայքերի և վեբ-համակարգերի մշակմամբ, դիզայնով և սպասարկումով: Ասել է թե՝ Սերժ Սարգսյանի լուսանկարը Արմեն Սարգսյանի լուսանկարով փոխարինելը հարկատուների վրա նստել է ավելի քան քառորդ միլիոն դրամ: Ի դեպ, Արմեն Սարգսյանի՝ պաշտոնը ստանձնելը ավելի էժան է արժեցել հարկատուների համար, քան արդեն պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի վերջին երդմնակալությունը: Այն ժամանակ բյուջեից հատկացվել էր ավելի քան 28 միլիոն դրամ՝ 67 հազար ԱՄՆ դոլար:

ՀՀ Նախագահի նստավայրը միայն 5.8 մլն դրամ հատկացրել էր 5 ուղեգորգ գնելու համար, իսկ ավելի քան 17 մլն դրամ ծախսվել էր արարողությանը մասնակցած պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների համար կազմակերպված միջոցառումների նպատակով:   Փաստորեն, կասկածելի լեգիտիմություն ունեցող ՀՀ նախագահների ճոխ երդմնակալության համար հարկատուներիս գրպանից ահռելի գումարներ են ծախսվում, և սա այն դեպքում, երբ Հայաստանի բնակչության ավելի քան 30 տոկոսը պարզապես աղքատ է: Ի դեպ, վերոնշյալ միլիոնները ծախսվել են ՀՀ պետական բյուջեից, իսկ թե որքան գումար է ծախսվել իրականում՝ օլիգարխների նվիրատվություններով, մնում է միայն ենթադրել:

Նյութի աղբյուրը՝ lurer.com

 

Կիսվել նյութով