Մամուլ

Էրիկի, Սպարտակի, Վիտալիի մահը ամբողջ գյուղն է սգում. գյուղապետ

Էրիկի, Սպարտակի, Վիտալիի մահը ամբողջ գյուղն է սգում. գյուղապետ

Mediahub-ը գրում է․ Էրիկի, Վիտալիի, Սպարտակի մահը ամբողջ գյուղն է սգում, դժբախտ պատահար էր, որին ոչ մեկս չենք ուզում հավատալ։

Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Նոր Կյանքի վարչական շրջանի ղեկավար Արամ Արտաշյանը՝ խոսելով երեկ Վեդիի ջրատարում տեղի ունեցած ողբերգական վթարից զոհված պատանիների մասին։

«Տղաները ազգակցական կապ չունեին, ընկերներ էին։ Երեքն էլ մեկ եղբայր ունեն»,-ասաց Արտաշյանը։ 

Վարչական ղեկավարը փոխանցեց, որ Վիտալի Սիմոնյանի, Սպարտակ Շահինյանի և Էրիկ Ղազարյանի հոգեհանգիստը վաղն է, մյուս օրը՝ հուղարկավորությունը։ 

«Հոգեհանգիստը Նոր Կյանքի վարչական շենքում է լինելու՝ գյուղապետարանում»։ 

Նշենք, որ օգոստոսի 27-ին, ժամը 14։03-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր ուղի գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան հայտնվել է ջրատարում։

Պարզվել է, որ Վեդի-Նոր ուղի ավտոճանապարհի 9-րդ կմ աջակողմյան հատվածում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Շ․, ծնված 2008 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրանցքում:

Փրկարարները քարշակման միջոցով կողաշրջել են ավտոմեքենան, դուրս բերել վարորդի և ուղևորներից մեկի (Վ․ Ս․, ծնված 2010 թ.) դիերը, ամբարձիչի միջոցով ջրանցքից դուրս բերել ավտոմեքենան և մյուս ուղևորի (Է․ Ղ․, ծնված 2008 թ.) դին, հոսանքազրկել ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին։

Կիսվել էջում