Մամուլ

Էդմոն Մարուքյանը բնակարան ու ավտոկայանատեղի է նվեր ստացել

Էդմոն Մարուքյանը բնակարան ու ավտոկայանատեղի է նվեր ստացել

ArmLur.am-ը գրում է․ Մարտի 14-ին հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակված Էդմոն Մարուքյանի համար 2022 թվականը ձեռքբերումներով է սկսել: Նա ոչ միայն պետական պաշտոնի է նշանակվել, այլեւ՝ բնակարան ու ավտոկայանատեղի է նվեր ստացել:

ArmLur.am-ը ուսումնասիրեց Մարուքյանի 2022 թվականի պաշտոնական պարտականությունները ստանձնելու վերաբերյալ հայտարարագիրը, որտեղ նշված է, որ Մարուքյանը 2011 թվականին Վանաձոր քաղաքում հիպոտեքային տարբերակով բնակարան է ձեռք բերել:

Բացի այս, արձանագրենք, որ այս տարի Մարուքյանի անշարժ գույքը բազմապատկվել է. նա Երեւանի Ավան վարչական շրջանում նվեր է ստացել մեկ բնակարան, մեկ ավտոկայանատեղի, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք:

Սրանց ձեռքբերման եղանակը Մարուքյանի հայտարարագրում ձեւակերպված է որպես նվիրատվություն: Այսինքն Մարուքյանն այս տարի ոչ միայն պաշտոնյա է դարձել, այլեւ՝ բնակարանատեր:

Էդմոն Մարուքյան

Ունի 2013 թվականի արտադրության մեկ ավտոմեքենա՝ Toyota մակնիշի, որը գնվել է 2018 թվականին: Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Մարուքյանը տվյալներ է ներկայացրել նաեւ բանկային հաշիվներին առկա մնացորդների մասին:

Այսպես, հատուկ հանձնարարություններով դեսպանի բանկային հաշվին առկա է եղել շուրջ 5.6 մլն դրամ, 1360 դոլար եւ 1075 եվրո: Իսկ կանխիկ դրամը կազմել է 3500 դոլար:

Մարուքյանի կնոջ՝ Տաթեւիկ Մատինյանի 2021 թվականի հայտարարագրում անշարժ եւ շարժական գույքի վերաբերյալ տեղեկություն չկա նշված: Իսկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 570 հազար դրամ, 2528 եվրո:

Պաշտոնյայի կինը նախորդ տարում որպես հայտարարագրել է քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած եկամուտը, որը ընդհանուր կազմել է 765 հազար դրամ, որից 200 հազար դրամը նա ստացել է Լիբերալ քաղաքականության ինստիտուտ ՀԿ-ից, իսկ 565 հազար դրամը՝ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ-ից:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով