Մամուլ

Զվարթնոցում հայտնաբերվել է մեկ միլիոն ԱՄՆ դոլար. ինչ է հայտնի դարձել

Զվարթնոցում հայտնաբերվել է մեկ միլիոն ԱՄՆ դոլար. ինչ է հայտնի դարձել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցները մշտապես ուշադրության կենտրոնում են պահում Հայաստանի Հանրապետության օդային սահմանով սահմանված կարգի խախտմամբ տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների տեղափոխման դեպքերը։

Համատեղ բացահայտվել է ՀՀ պետական սահմանով առանձնապես խոշոր չափի գումարի մաքսանենգության դեպք: Հայտնել է կառույցի մամուլի ծառայությունը։

Սույն թվականի դեկտեմբերի 14-ին  ՊԵԿ ՄԴՊ վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն վարչության աշխատակիցները համատեղ, մաքսային հսկողության «կանաչ ուղու» գիծը հատելուց հետո, իրենց լիազորություններն իրականացնելիս «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում  զննման են ենթարկել Միլան-Երևան չվերթով ժամանած ՀՀ և ՌԴ քաղաքացի Վ․Ա․-ին պատկանող ուղեբեռը։

Իրականացված մաքսային հսկողության արդյունքում, բացի անձնական օգտագործման ապրանքներից, հայտնաբերվել է չհայտարարագրված մեկ միլիոն ԱՄՆ դոլար գումար, որից 1000 հատը 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներ են եղել, 9500 հատը`  100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներ։

Փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն և նյութերի հետ միասին տրամադրվել է ՀՀ քննչական կոմիտե։

Կիսվել էջում