Մամուլ

Զոհվել է պայմանագրային զինծառայող Անուշ Աբետյանը․ նա երեք անչափահաս երեխա ուներ (ֆոտո)

Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող Անուշ Աբետյանը։

News.am-ը գրում է․ 36-ամյա Անուշ Աբետյանը երեք անչափահաս երեխա ուներ՝ 16 տարեկան դուստր եւ 15 ու 4 տարեկան որդիներ։ Անուշը ծնունդով Արմավիրի մարզի Հոկտեմբերյան քաղաքի Մրգաշատ գյուղից էր։

Ութ ամիս առաջ Անուշը որոշել էր անցել պայմանագրային զինծառայության, իսկ մինչ այդ զբաղվել էր հողագործությամբ։ 

«Ամուսնանալուց տարիներ անց Անուշն ընտանիքի հետ տեղափոխվել էր Երեւան, իսկ ութ ամիս առաջ՝ Ջերմուկ։ Հենց այդ ժամանակ էլ ծառայության էր անցել Զինված ուժերում՝ որպես պայմանագրային զինծառայող եւ ծառայել Ջերմուկի զորամասում։

anush abetyan

Ինքը միշտ է սիրել զինվորականի մասնագիտությունը, միշտ է դրան ձգտել։ Մենք դժվարությամբ համակերպվեցինք իր որոշմանը, ցանկանում էինք հակառակում համոզել, բայց արդրդվելի էր․ շատ էր սիրում հայրենիքը։

Ասում էր՝ չեք պատկերացնում ինչ լավն է մեր Ջերմուկի հողն ու ջուրը, ինչ հեքիաթային էր Շուշին։ Ինքը շատ երջանիկ էր զգում իրեն իր աշխատանքում»,- News.am-ի հետ զրույցում պատմեց Անուշ Աբետյանի քույրը՝ Նարինե Սարգսյանը։

Անուշի երեխաներն այժմ Մրգաշատ գյուղում են։ Նրանց խնամում են Անուշի ծնողները եւ եղբայրը։ Քրոջ խոսքով՝ Անուշի դուստրը մտադիր է ապագայում զբաղվել մայրիկի աշխատանքով։

Անուշ Աբետյանը հերթապահության համար դիրքեր պետք է բարձրանար սեպտեմբերի 24-ին, սակայն բարձրացրել է սեպտեմբերի 13-ի գիշերը. «Իր հետ վերջին անգամ սեպտեմբերի 13-ին խոսեցի, շատ անտրամադիր էր, ասաց՝ հետո կզանգեմ, բայց այդպես էլ չզանգեց, համարն էլ կարճ ժամանակ անց դարձավ անհասանելի։

anush

Մեր տեղեկություններով՝ Անուշը սեպտեմբերի 14-ի ցերեկն է զոհվել։ Ծանր մարտեր են ընթացել, ինքը բեկորային վնասվածքներ ու այրվածքներ ուներ։ Հավանաբար այրվել է Ջերմուկի անտառներում բռնկված հրդեհի հետեւանքով։ Մարմինը դժվարությամբ ենք ճանաչել՝ ոտքի սպիով, որը որոշ ժամանակ ինքը ստացել էր դիրքերում»,- նշեց Նարինե Սարգսյանը։

Անուշ Աբետյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 17-ին, Մրգաշատի զինվորական պանթեոնում։

Կիսվել էջում