ՄամուլՏեսանյութ

Զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում ՊՆ-ի դիմաց (Տեսանյութ)

Զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում ՊՆ-ի դիմաց (Տեսանյութ)

168.am-ը գրում է․ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողներից շատերն այսօր հավաքվել էին Պաշտպանության նախարարության շենքի մոտ՝ մի քանի հարց ուղղելու գերատեսչության ղեկավարությանը։

168.am-ի հետ զրույցում զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, ասաց, որ արդեն 2 ժամից ավելի է՝ ինչ ՊՆ-ի դիմաց են, սակայն իրենց որևէ մեկը չի ընդունում։

«Արդեն չորրորդ անգամ է, հավաքվում են ՊՆ-ի դիմաց՝ մեզ հուզող հարցերի պատասխանները ստանալու համար։ Առաջին անգամ, որ եկել ենք այստեղ, մեզ ընդունել է փոխնախարար Արման Սարգսյանը՝ իր անձնակազմով։ Հարց էինք բարձրացրել գումարտակի հրամանատարի մասին, մեր զոհված տղաների վերաբերյալ։

Մեր տղերքը բանակ են զորակոչվել 2019 թվականին և ծառայության անցել 5-րդ պաշտպանական շրջան։ Պատերազմելուց 27 օր հետո, իրենք են վկայում, որ տղերքը հերոսաբար պայքարել են։

2020 թվականի հոկտեմբերի 23-ին չգիտեմ ում հրամանով են գումարտակը տեղափոխել «Մարտունի-2»: Առ այսօր մեզ անհայտ է՝ հոկտեմբերի 24-ին տղերքին բարձրացրել են Ուղտասար բարձունքը, ընդ որում, որևէ խրամատ, պաշտպանական գիծ չի եղել, տղաները պայքարել են բաց երկնքի տակ։

zohvacneri

Հնարավորություն է եղել հոկտեմբերի 28-ին հետնահանջ տալու, սա այդ «զիբիլ» Քյարամյան Պավլիկին է վերաբերում, որ այսօր դարձրել են «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանաշանակիր։ Այո, մեր տղերքի արյան հաշվին իրեն պարգևատրել են»,- նշեց Վահիդ Սահակյանը։

Վահիդ Սահակյանի խոսքով՝ այսօր իրենց հետաքրքիր է, թե ով է Պավլիկ Քյարամյանին պարգևատրել։

Զոհված զինծառայողների ծնողները պահանջում էին, որպեսզի Պ. Քյարամյանին կանչեն ՊՆ, և զինվորականների ներկայությամբ ծնողները նրան մի քանի հարց ուղղեին։

«ՊՆ-ում մեկը մյուսի վրա են գցում, թե՝ մենք չենք կարող, կամ կարող ենք, բայց չենք բերում, և այլն։ Չեմ հասկանում, այս երկրում կա մեկ մարդ՝ սպա, Պաշտպանության նախարար, գերագույն հրամանատար, որ կարող է մեր հարցերին պատասխանել։

Այսօր մենք այստեղ ենք այս հարցերի պատասխանները ստանալու համար, ուղիղ 2 ժամ 40 րոպե՝ 40 աստիճան տաքության տակ կանգնած ենք, արձագանք չկա։ Մենք այս երկրում այսքան արհամարհվա՞ծ ենք, ո՞վ է պատասխան տալու մեր տղաների համար։ Ասում են՝ Պավլիկ Քյարամյանը հերոս է, բա որ ինքը հերոս է, մեր տղանե՞րն ինչ են»,- շեշտեց Վադիմ Սահակյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով