Մամուլ

Զինված ավազակային հարձակում «Երևան մոլ»-ում․ տեղում վնասազերծվել է 100 մլն դրամից ավելի գումար հափշտակողը

Զինված ավազակային հարձակում «Երևան մոլ»-ում․ տեղում վնասազերծվել է 100 մլն դրամից ավելի գումար հափշտակողը

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը գազային ատրճանակով մտել է Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի մեջ գործող բանկերից մեկի մասնաճյուղ և ատրճանակի սպառնալիքի տակ հափշտակել մի կապոց գումար։

Տեղում անվտանգության աշխատակիցները, քաղաքացիներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի ու ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, վտանգելով իրենց կյանքը, վնասազերծել են այդ քաղաքացուն, ով տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, նույն վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

Երևան Մոլ

Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Մարգար Ներսիսյանի գլխավորությամբ։

Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մելիք Սոֆոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Ալեքսանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Ալեքսանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հափշտակված գումարն անցնում է 100 մլն դրամից, սակայն վերջնական գումարի չափը պարզվում է։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։

Կիսվել նյութով