ՄամուլԱշխարհ

«Զախարովան ՀՀ-ին ուղղված վտանգավոր մեղադրանքներ է հնչեցրել»

«Զախարովան ՀՀ-ին ուղղված վտանգավոր մեղադրանքներ է հնչեցրել»

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ուշ երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ, որում ի շարս մի շարք սպառնալիքների, տեղ են գտել նաև Հայաստանին ուղղված ծայրաստիճան վտանգավոր մեղադրանքներ։

Զախարովան առաջին անգամ անթաքույց կրկնել է Ադրբեջանի մեղադրանքները՝ ասելով, որ Հայաստանը

Լաչինի միջանցքն օգտագործել է ԼՂ սպառազինություն մատակարարելու նպատակով։ Ավելին, ՌԴ ԱԳՆ խոսնակը պնդում է, որ Հայաստանը առ 2023թ․ սեպտեմբերյան հայտնի իրադարձությունները, իր զինված ուժերը պատրաստ չի եղել դուրս բերել ԼՂ-ից։

Սեպտեմբերի 19-ին կրակի դադարեցման մասին հայտարարության մեջ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ու Արցախի իշխանություններն նույնաբովանդակ դրույթ էին թույլ տվել, որ տեղ գտնի տեքստում։ Հայաստանի իշխանությունները, վարչապետը անմիջապես հայտարարեցին, որ հայտարարության մեջ տեղ գտած այդ կետը անհասկանալի է, և որ իրականությունը չի արտացոլում։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ հայտարարության այդ հատվածը հայտարարության մեջ ներառվել է հենց ռուսների պնդմամբ և պարտադրանքով։

Հայաստանի իշխանությունները, Արցախից Սամվել Բաբայանը քանիցս հայտարարել են, որ 2023թ․ սեպտեմբերին Հայաստանի ԶՈՒ որևէ ստորաբաժանում չի գտնվել Արցախի տարածքում։

Մարիա Զախարովայի երեկ ուշ երեկոյան տարածված հայտարարությունը անկասկած ունի հեռուն գնացող, Հայաստանի համար ծանր հետևանքներ առաջացնող նպատակ։

Խոսքս ուղղում եմ Արցախից բռնի տեղահանության արդյունքում Հայաստանում հաստատված Արցախի նախագահ Շահրամանյանին, ԱԺ պատգամավորներին ու զինվորականներին։ Կունենա՞ք այնքան խիզախություն, որ Զախարովային պատասխանեք դուք և Հայաստանին ուղղված մերկապարանոց մեղադրանքներին ի պատասխան ներկայացնեք ողջ ճշմարտությունը, թե՞ Հայաստանի դեմ նոր սպառնալիքի աղբյուր առաջացնող հայտարարության մեջ տեղ գտած հիշյալ մեղադրանքները հերքելը ևս մնում է Հայաստանի ուսերին»։

Կիսվել էջում