Մամուլ

Երևի նախորդ նախարարի «բազմաթիվ ձեռքբերումներն ու փայլուն ծրագրերը» տապալելու անհանգստությունն ու վախն է դրդում այդպես արտահայտվել

Ի պատասխան բոլոր բացասական մեկնաբանությունների

Տգետ լինելու համար երիտասարդ լինելը պարտադի՞ր պայման է։ Միշտ էլ հանդիպել եմ մարդկանց մի մասի մեջ տարածված այն կարծիքին, թե երիտասարդը փորձ չունի, այդքան խելք ու գիտելիք չունի և այլն: Իսկ վերջերս ավելի շատ: Մանավանդ տհաճ է, որ հանդիպում եմ նման մեկնաբանությունների և վիրավորական տոնով շարադրված հոդվածների:

Չէի ցանկանա քաղաքականացնել, քանի որ առօրյայում էլ կան բազմաթիվ նման դեպքեր, բայց այսպես երևի օրինակս ավելի հասկանալի կլինի: Եթե նախարարի պաշտոնում նշանակվում է երիտասարդ քաղաքացի, ուրեմն այս նախարարությունը պետք է դադարի՞ գոյություն ունենալ։ Միանգամի՞ց պիտի սկսել քննադատել և փնովել նրա ցանկացած նախաձեռնություն։ Ես փորձեցի գտնել նման անվստահության հիմքերը ու չգտա:

Դե երևի նախորդ նախարարի «բազմաթիվ ձեռքբերումներն ու փայլուն ծրագրերը» տապալելու անհանգստությունն ու վախն է դրդում այդպես արտահայտվել ( և, ի միջի այլոց, անել բազմաթիվ վիրավորական արտահայտություններ): Խորհուրդ չեմ տա դրա փոխարեն լավատես լինել ու վստահել, որովհետև Ձեր հանդեպ այդ իրավունքը չունեմ: Ես համաձայն եմ, որ անընդհատ պետք է սովորել ( ընդ որում ցանկացած տարիքում), ավելի փորձառու մարդուց վերցնել նրա կուտակած փորձը:

Բայց թույլ տվեք չհամաձայնել, որ երիտասարդները պարտադիր պետք է տգետ, ինքնահավան ու լուրջ գործի համար ոչ պիտանի լինեն: Միշտ չէ, որ իմաստությունը գալիս է տարիքի հետ: Երբեմն տարիքը գալիս է մենակ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Աստղիկ Խաչատրյանը

Կիսվել էջում