Մամուլ

Երևանում սրճարանի 21-ամյա մատուցողուհին դանակահարել է 30-ամյա կնոջը

Երևանում սրճարանի 21-ամյա մատուցողուհին դանակահարել է 30-ամյա կնոջը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հունիսի 23-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Դավիթ Ղազարյանն ու Հենրիկ Սալոյանը ծառայություն կատարելիս են լինում, երբ Արամի փողոցում նկատում են, որ անօգնական մի կին ընկած է գետնին և արնաքամում է:

Պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայից դուրս են բերում դեղատուփը և տեղում առաջին օգնությունն են ցուցաբերում դանակահարված կնոջը, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայով նրան տեղափոխում են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Արդեն տեղում բժիշկները արագ վիրավորին տեղափոխում են վիրահատարան ու փրկում նրա կյանքը:

danakaharutyun

Ոստիկանները պարզում են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Վարդուհի Ռ.-ն է, իսկ նրան նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում դանակահարել է իր հետ վիճաբանության մեջ մտած Երևանի բնակիչ, 21-ամյա Սվետլանա Ղ.-ն:

Վերջինս ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերալիզորների կողմից հայտնաբերվում ու մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով բերման է ենթարկվում, որից հետո ձերբակալվում է:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ասում էին. «Վիրավորը եթե մի քիչ ուշ տեղափոխվեր հիվանդանոց, հնարավոր է՝ նրա կյանքը փրկել չլիներ:

Մինչ մեզ մոտ տեղափոխելը, նրան անհրաժեշտ առաջին բուժօգնությունը ճիշտ են ցուցաբերել, ինչը մի քիչ հեշտացրել է բժիշկների գործը, բայց բժիշկներն էլ հրաշք գործեցին ու փրկեցին նրա կյանքը:

Մի քանի օր նա մնալու է բժիշկների հսկողության տակ»: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը աշխատում է Երևանում գործող «Էվ Դրինգ Հաուս» սրճարանում՝ որպես մատուցող:

Կիսվել էջում