Մամուլ

Երևանում «ռազբորկա»-ի ժամանակ կրակոցներ են հնչել․ բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար

Այսօր՝ հունիսի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում։

Ժամը 02:20-ի սահմաններում մի խումբ երիտասարդների կողմից իրենց անձնական օգտագործման մեքենայով Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքներով մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ տեղեկությունը փոխանցել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչություն, որտեղից հիվանդանոց է ժամանել օպերատիվ խումբը՝ Երևանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, վիճակը ծանր է և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ 30-ամյա Արսեն Մանուչարյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վիրավորումներով, այդ թվում՝ «ձախ նախաբազկի և աջ ազդրի վերին 3-ի» շրջանում ստացած վնասվածքներով։

Քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Արաբկիր վարչական շրջանի ինչ-որ հասցեից, որտեղ ինչ-որ անձանց միջև տեղի է ունեցել «ռազբորկա», որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական ոստիկանները ու Արաբկիրի քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի ամբողջական պատկերը պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում։

Կիսվեք ձեր էջում