Մամուլ

Երևանում մեքենան մխրճվել է կանգառի մեջ․ կան վիրավորներ

Երևանում մեքենան մխրճվել է կանգառի մեջ․ կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Mazda 6 մակնիշի ավտոմեքենան Արմենակյան փողոցում՝ թիվ 128 հասցեի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել տրանսպորտի համար նախատեսված կանգառի մեջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ  Շամշյանը, վրաերթի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբերի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել, մեկը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց, մեկն էլ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Վիրավորներից մեկին փրկարարները դուրս են բերել կանգառի և շինության պատի արանքից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

mazda kangar

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Լևոն Հախվերդյանն ու կրտսեր պարեկ Տարոն Ստեփանյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «ԵրՔաղԼույս»-ի ներկայացուցիչները։

kangar avtovtar

Վրաերթի մասին տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով Վ. Բաղդասարյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը։

Կիսվել նյութով