Մամուլ

Երևանում կրակել են Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են արձակել:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Արդեն տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ թաղապետարանի շենքի 2-րդ հարկի եվրոպատուհանների վրա կա կրակոցի մոտ 7 հետք:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկանները թաղապետարանի բակում հայտնաբերել են նաև Nissan մակնիշի ավտոմեքենա, որի հետևի ապակու վրա նույնպես առկա է կրակոցի հետք:

Կիսվել էջում