Մամուլ

Երևանյան խանութներում կասկածելի թռչնամիս է հայտնաբերվել․ ահազանգում է քաղաքացին

Սննդի անվտանգության պետական ծառայությունը զբաղվում է խանութներում հայտնված կասկածելի թռչնամսով։ Մամուլում կասկածելի էժան թռչնամսի մասին ահազանգած քաղաքացին դիմել է նաև Սննդի անվտանգության պետական ծառայություն։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը։ Նրա խոսքով` քաղաքացին զանգահարել է ծառայության թեժ գծի հեռախոսահամարին և հայտնել վաճառակետում իր արձանագրած կասկածելի թռչնամսի վաճառքի մասին։

«Ահազանգի հիման վրա հիմա արդեն իրականացվում են վերահսկողական միջոցառումներ»,- հայտնեց Անուշ Հարությունյանը` հավելելով, որ դրանց արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Sputnik Արմենիան թեմայի շուրջ զրուցել է նաև «Հայաստանի թռչնաբույծների միության» նախագահ Սերգեյ Ստեփանյանի հետ։ Նա նշեց, որ Հայաստան թռչնամիս ներկրող խոշոր ընկերությունները իրենց միության անդամ չեն։ Ստեփանյանը նաև հիշեցրեց, որ ոլորտում առկա խնդիրների մասին իրենց կազմակերպությունը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, բայց ապարդյուն։

«Մենք ինքներս որոշ հսկիչ գնումներ ենք կատարել և փորձաքննության ենթարկել շուկայում վաճառվող թռչնամիսը։ Ասել ենք, որ դրանում չափազանց մեծ է ջրի քանակը։ Մսի մեջ աղի լուծույթ են ներարկում։ 1.4 կիլոգրամի մեջ ավելի քան 200 գրամն աղաջուր է,- ասաց Ստեփանյանը,- դա նաև անվտանգության տեսակետից է կարևոր, քանի որ մենք մսի մեջ թռչնագրիպի վարակ ենք հայտնաբերել»։

Նա նշեց, որ իրենց մտահոգությունների և բացահայտումների մասին նամակով հայտնել են Սննդի անվտանգության ծատայությանը և սպասում են պատասխանի։ Հիշեցնենք` այսօր մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որ խանութներում բավական էժան գնով թռչնամիս (հավի թևեր) է վաճառվում։

Ահազանգող քաղաքացին լուսանկարել էր կասկածելի ապրանքը։ Լուսանկարներից պարզ է դառնում, որ տուփի վրա որպես արտադրող ընկերություն նշված է` «Ресурс»։ Չկա հայերեն մակնշում այն մասին, թե որ ընկերությունն է թռչնամիսը ներմուծում Հայաստան։ Իսկ ռուսերենով գրված է, որ միսը վերամշակման համար է։

Վերջին գրառումը քաղաքացուն թույլ է տվել ենթադրել, որ տվյալ ապրանքը նախատեսված է միայն վերարտադրող ընկերությունների համար և ոչ հասարակ սպառողի, ինչով էլ բացատրվում է դրա անսովոր ցածր գինը։

Նշենք, որ ապրանքի փաթեթավորման վրա նշված «Ռեսուրս» ընկերությունը ռուսական ագրոընկերությունների խումբ է, որն արտադրում է ավելի քան 200 տեսակի պաղեցված և սառեցված թռչնամսի տեսականի։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել նյութով