Մամուլ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ինքնատիպ շնորհավորանքը երևանցիներին

Սիրելի երևանցիներ,

Տոնական օրերը լավ առիթ են, որ ընկերներով ու հարազատներով հավաքվենք մի տանիքի տակ, հիշենք մեզ իրար կապող գեղեցիկ պատմություններն ու միմյանց ջերմ խոսքեր ասենք՝ մեկ անգամ ևս հաստատելով, թե որքան թանկ ենք մեկս մյուսի համար: Այսօր, այս պայծառ տոնին ուզում եմ մի փոքր խոսել մեր փառահեղ մայրաքաղաքի՝ Երևանի մասին: 

Մենք իսկապես բացառիկ քաղաքում ենք ապրում: Քաղաք, որն իր վրա կրում է երկար ու ձիգ դարերի կնիքը, բայց նաև անընդհատ ձգտում է դեպի ապագան՝ ջանալով քայլել ժամանակին համընթաց: Մեր քաղաքն իր կենցաղով ու ճարտարապետությամբ խիստ հայկական է, բայց նաև իրեն է վերցրել համաշխարհային մշակույթի լավագույն փորձը: Իր թաղերի ու փողոցների անվանումների մեջ այս քաղաքն ամփոփում է աշխարհասփյուռ հայության՝ հայրենիքում մեկտեղվելու երազանքը:

Միաժամանակ, մենք հրապարակներ, պողոտաներ ու պուրակներ ենք անվանակոչել բարեկամ երկրների ու քաղաքների, օտարերկրացի արվեստի ու գիտության գործիչների պատվին՝ ի նշան սիրո, երախտագիտության ու համերաշխության: Եվ ամեն օր ու ամեն ժամ՝ մեր կենցաղում, աշխատավայրում կամ հանգստի ժամին մենք ապրում ենք այն հաճելի գիտակցմամբ, որ մենք այս հզոր երկրի մայրաքաղաքի բնակիչներ ենք: Դա իրոք հաճելի, բայց պարտավորեցնող զգացողություն է: 
Այո, մենք ուղղակի պարտավոր ենք արժանի լինելու այս քաղաքին՝ 2800-ամյա Էրեբունի-Երևանին: Եվ ես վստահ եմ, որ իրար հետ 2018-ին սկսած գործը շարունակելու ենք 2019-ին և գալիք մի քանի տարիներին, այնպես, ինչպես պայմանավորվել ենք:

Մենք փայփայելու ենք մեր քաղաքի անցյալը՝ աչքի լույսի պես պահելով նրա պատմական դեմքը, խնամելով ամեն մի քարը, միեւնույն ժամանակ մենք ստեղծելու ենք նոր քաղաք՝ հարմարավետ, անվտանգ ու ժամանակակից: 
Ուզում եմ շնորհավորել մեր քաղաքի բնակիչներին, նրանց, ովքեր իրենց ամենօրյա ներկայությամբ լցնում են Երևանը՝ կիսելով նրա հոգսերն ու կառուցելով նրա ապագան: Շնորհավորում եմ նաև մեր քաղաքի ժամանակավոր բնակիչներին, որոնք մեզ հյուրընկալվել են ուսման, աշխատանքի կամ հանգստի բերումով: Ձեր ներկայությունը մեզ մի՛շտ հաճելի է:

Շնորհավորում եմ մեր քաղաքի նախկին կամ առա՛յժմ նախկին բնակիչներին, նրանց, ովքեր տարբեր հանգամանքների բերումով հաստատվել են աշխարհի տարբեր քաղաքներում, բայց միշտ իրենց սրտի մեջ ամուր պահում են հարազատ քաղաքի ջերմությունն ու անգամ տասնյակ տարիների բաժանումից հետո իրենց երևանցի են համարում: Մեր քաղաքի երգիչն ասում է. «Ես քեզ սիրում եմ, էս խոսքերը ասում եմ քեզ, իմ Էրեվան, արժեր հասնել աշխարհի ծերը, որ էս բառերը հասկանամ»:

Աշխարհի տարբեր ծայրերում ապրող երևանցիներ, իմացեք, որ մենք ամեն օր սպասում ենք ձեզ ու պահում ենք ձեր տեղը: 
Շնորհավորում եմ հատկապես Երևանի փոքրիկ քաղաքացիներին, մեր երեխաներին, նրանց, ովքեր այս տարի առաջին անգամ են հաղորդակցվում Ամանորի հեքիաթին: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ձեր հեքիաթը շարունակական լինի:

Սիրելի երևանցիներ, 

անցնող տարին պայքարի, հպարտության, հաղթանակի ու ցնծության տարի էր: Վստահ եմ, որ հաջորդ՝ 2019 թվականը նպատակասլացության, ստեղծագործ ու արդյունավետ աշխատանքի տարի է լինելու: 
Բարձր տրամադրություն եմ մաղթում բոլորիս, թող հաջողությունն ու Աստծո օրհնությունը ուղեկցի մեզ ամբողջ տարվա ընթացքում: 
Ամեն ինչ լավ է լինելու։

Շնորհավորում եմ։

Կիսվել նյութով