Մամուլ

Երևանի առաջին կոշտ արձագանքը նոյեմբերի 9-ից հետո

Երևանի առաջին կոշտ արձագանքը նոյեմբերի 9-ից հետո

1in.am-ը գրում է․ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի համաձայնությամբ նախատեսված գործողությունները, նախօրեին հայտարարել են Հայաստանի վարչապետի և ԱԳՆ խոսնակները, տարբեր հարցերի առնչությամբ:

Վարչապետի խոսնակն անդրադարձել է Նախիջևանից Ադրբեջան միջանցքի մասին Ալիևի հայտարարությանը: Երևանը նշում է, որ շահագրգռված է տրանսպորտային հաղորդուղիների բացումով և պատրաստ է ապահովել Նախիջևանից Ադրբեջան հաղորդակցություն, բայց դա կարող է տեղի ունենալ ռազմագերիների, անհետ կորածների հետ կապված աշխատանքները և համաձայնությունները իրականացնելուց հետո, որոնողական աշխատանքի ծավալների ընդլայնումից հետո և, ի վերջո, բոլոր հաղորդուղիների ապահովման համատեքստում:

Հայաստանի ԱԳՆ խոսնակն էլ անդրադարձել էր արտգործնախարար Արա Այվազյանի Արցախ աշխատանքային այցի վերաբերյալ նույն Ալիևի հայտարարությանը, թե դա սադրանք է և այդպիսի այցերը պետք է դադարեցվեն:

Ալիևը այլապես սպառնացել է լարվածության աճով՝ հիշեցնելով պատերազմի մասին: Ալիևի հայտարարություններին և դրանց տողատակերին, թերևս, առիթ կլինի անդրադառնալ: Առայժմ անդրադառնանք Երևանից հնչած պատասխաններին:

Պուտին Ալիև Փաշինյան

Հարկ է նկատել, որ, թերևս, նոյեմբերի 9-ից ի վեր այդ պատասխաններում առաջին անգամ նշմարվում է քաղաքական կոշտություն և բավականին շոշափելիորեն նշվում է, որ Ադրբեջանը չի իրականացնում նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով նախատեսված գործողությունները:

Նախիջևանի միջանցքի վերաբերյալ հարցին կարիք կա անդրադառնալ, իհարկե, առանձին, ինչը ևս կանենք առաջիկայում: Առայժմ գնահատելով Երևանի քաղաքական կոշտությունը, նկատենք, որ այն նախորդում է Մոսկվայում սպասվող կամ հնարավոր համարվող հանդիպմանը՝ Պուտին-Փաշինյան-Ալիև ձևաչափով, եթե, իհարկե, այն տեղի ունենա:

Դրա վերաբերյալ առայժմ միայն խոսակցություն է, ոչ պաշտոնական տեղեկատվություն, իհարկե պաշտոնական հերքման բացակայությամբ:

Դա նշանակում է, որ Մոսկվայում առնվազն կա այդպիսի հանդիպում անցկացնելու մտադրություն և ակնառու է, որ թե՛ Երևանը, թե՛ Բաքուն արդեն իսկ սկսել են դիրքային պայքար այդ հանդիպմանն ընդառաջ: Այստեղ էական է Մոսկվայի դերը, թե ինչի է պատրաստվում Մոսկվան, ունենալով այդ հանդիպումը անցկացնելու նպատակ կամ մտադրություն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում