ԺամանցՄամուլ

Երևանի ամենասիրուն սիրո պատմություններից մեկը․ Նաիրա Զոհրաբյանի հարատև սերը (Photo)

Նաիրա Զոհրաբյանի էջին պարբերաբար հայտնվում է սև ու սպիտակ մի լուսանկար. տիկին Զոհրաբյանն է իր ամուսնու՝ գրող-թարգմանիչ, լուսահոգի Սամվել Մկրտչյանի հետ: Լուսանկարը շատ լավն է, ոճային, խորը, զգացմունքային: Պարզվեց՝  հայտնի լուսանկար է , Վենետիկում   մրցանակ է շահել, լուսանկարիչն էլ  Գերման Ավագյանն է:

Մի լուսանկարի պատմությունով էլ սկսվեց իմ  զրույցը Նաիրա Զոհրաբյանի հետ, որ հետո վերածվեց հավերժ սիրո մասին մերօրյա հեքիաթի:  Երևանի ամենահայտնի սիրո պատմություններից մեկը ոգեշնչում է  և փաստում, որ իրական   սերը հարատև է:

naira zohrabyan 2 1

-Տիկին Զոհրաբյան, սիրո տոներն են, ինքներդ Ձեզ համար պարզե՞լ եք, ունե՞ք «ինչ էսերը» հարցի պատասխանը:

-Ես չեմ հասկանում, թե  ինչ է նշանակում սիրո տոն, իմ կարծիքով քանի դեռ  մարդն ապրում է, շնչում  է, պիտի սիրի: Սիրի  իր հարազատ մարդկանց, ծնողներին, երեխաներին և ամենակարևորը այն միակին, ում Աստված նախանշել  է իր համար: Տարիների հետ մի կարևոր բան հասկացա, որ սիրելը տաղանդ է և ամեն մարդ չէ, որ կարող է եւ ունակ է սիրել։ Շատերը այդպես էլ ապրում են` առանց զգալու իրական ու խելահեղ մեծ սերը։

Ես սարսափելի խղճում եմ նման մարդկանց, որովհետեւ նրանք այս աշխարհից գնալու են կիսատ ու թերի։ Եւ մի բան էլ, ինչում ես միանշանակ համոզված եմ` միայն ուժեղ մարդիկ կարող են սիրել, սիրելու համար մեծ սիրտ ու հոգի է պետք, մեծ նվիրում է պետք, սիրելու համար մեծ անձնազոհություն է պետք  և միայն ուժեղ տղամարդուն ու ուժեղ կնոջն է դա  տրվում։ 

Միգուցե շատերը չհամաձայնեն, բայց սերը տրվում է ընտրյալներին, միայն ընտրյալ մարդիկ կարող են անձնվիրաբար սիրել։ Ու եթե անկեղծ ասեմ`  իմ շրջապատում ես շատ քիչ զույգեր գիտեմ, որոնց սիրո պատմությունն իսկապես ինձ հուզել եւ  հարգանքի արժանի է եղել։

-Ինչպե՞ս սկսվեց Ձեր մեծ սիրո պատմությունը:

-Ես ավարտեցի Թատերական ինստիտուտը, թատերագիտության բաժինը և հասկացա, որ  բացարձակ ցանկություն չունեմ թատերագիտությամբ զբաղվելու, լրագրողական լավ ոճ ունեի  և իմ ընկեր, լրագրող Երվանդ Բոզոյանը իմ ձեռքից բռնած տարավ Ար շաբաթաթեթ, որի խմբագիրը Սամվել Մկրտչայնն էր ու այդ պահից 1992թ,  հոկտեմբերի 16-ից սկսվեց  Երևանի  ամենասիրուն ու ամենախելահեղ սիրո պատմություներից մեկը, որը գիտեն բոլորը։

naira zohrabyanh 1

-Մարդիկ երբեմն թերահավատորեն են  վերաբերվում սիրուն, ասում են՝ այն արագ անցնում է, տևում է 3 տարի և այլն, համաձա՞յն եք արդյոք: 

– Պատահական չէ, որ ես ասացի` սերը ինձ համար բացարձակ այլ չափում է, որը չի ճանաչում ժամանակ, տարածություն, սահման։ Այն, ինչի մասին դուք խոսում եք, այդ ման-մունր սերիկները, թեթեւ հրապուրանքիկները, ինչը եւս բնական է ու մարդիկ պետք է հանդիպեն, սիրեն, համակրանք զգան միմյանց հանդեպ, որի անունը երևի թե կդնեն սեր, կապրեն միասին` մի օր վիճելով, մի օր սիրելով, մի օր ատելով, բայց սերը ինձ համար բոլորովին այլ զգացում է, տիեզերական բոլորովին այլ չափում, երկու մարդկանց էներգետիկ խելահեղ միաձուլում, առանց որի մյուսը ուղղակի կարող է մարել։

Ձեր սիրո պատմությունը կարծես ապացուցում է սիրո հարատևությունը,կպատմե՞քամուսնու կորստից հետոինչպես ապրեց ձեր սերը:

-Ինձ համար շատ դժվար է հիմա նորից վերապրել այն դժոխքը, որի միջով  ես անցա  Սամվելի մահից հետո, ես գոյություն չունեի, մի քանի տարի շարունակ ապրում էի, շնչում էի, իմ գործն անում էի, բայց կարծես  ուրվական լինեի: Ու եթե չլիներ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու տեր հայր, իմ շատ սիրելի տեր Գրիգորը, որի  միջոցով ես հասկացա, որ սերը հավերժ է ու այն չի ավարտվում քո սիրելի մարդու կենսաբանական մահով, ես չգիտեմ, թե ինձ հետ ինչ կլիներ։ Ադ սերը իմ մեջ հավերժ է, որը չի կարող սպանել ո՛չ ժամանակը, ո՛չ տարածությունը, ո՛չ սիրելի մարդու ֆիզիկական չգոյությունը։

naira zohrabyan 3

-Շատ երիտասարդներ ինչ որ դժվարությունների, հեռավորության կամ էլի այլ պատճառով չեն կարողանում իրենց սերը պահպանել, ի՞նչ խորհուրդ կտաք նրանց:

-Ես համաձայն չեմ, որ դժվարությունները, հեռավորությունը կարող են խանգարել , եթե մարդիկ միմյանց սիրում են : Մարկեսը մի լավ խոսք ուներ. «Մի վատնիր ժամանակդ այն մարդու վրա, ով չի ցանկանում իր ամեն րոպեն , ամեն վայրկյանը անցկացնել քեզ հետ»: Ես վստահ եմ, որ  եթե կա սեր,  որևէ դժվարություն, հեռավորություն, չի կարող այդ սիրո վրա ազդել, իսկ եթե ազդում է, ուրեմն դա սեր չէր,  ինչ որ հրապուրանք էր, ինչ որ հասկանալի կամ անհասկանալի կապվածություն րէ,   պարտավորություն էր  կամ` ձանձրույթը սպանելու ձև , բայց ոչ սեր։ Որովհետեւ, նորից ու նորից պիտի կրկնեմ` սիրել կարող են միայն ուժեղ տղամարդիկ ու հզոր կանայք։

իրո տոներին սիրահարները անակնկալներ են անում միմյանց, ի՞նչ նմանատիպ պատմություն ունեք: 

– Շատ տարիներ առաջ էր, երբ բազմագույն հոլանդական կակաչներ դեռ չէին կարողանում ստանալ,  Սամվելը որոշեց ինձ համար գտնել սև կակաչ, ես ասում էի, որ սեւ կակաչ  գոյություն չունի ու դա  միայն  լեգենդներում է լինում, բայց ինքը լսել էր  որ Նորավանքում ինչ որ տեղ կան  սև կակաչներ ու որոշել էր ինձ անպայման սեւ կակաչ բերել։ Մի ամբողջ օր  Սամվելը չկար,   հաջորդ օրը վերադարձավ սև չէ, բայց մուգ կապույտ  կակաչներ բերեց ու մինչեւ հիմա չգիտեմ որտեղից։

naira zohrabyan 4

-Հիմա Ձեր կյանքում սերն ի՞նչ դեր ունի: 

-Ես երջանիկ կին եմ, որովհետեւ ինձ սիրել է աշխարհի ամենատաղանդավոր, ամենաուժեղ, ամենաքնքույշ ու ամենաարժանապատիվ տղամարդկանցից մեկը։ Ու այդ սերը ինձ ամեն օր լույս է տալիս, ես ամեն օր զարթնում եմ եւ ժպտում եմ եւ շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ ինձ ընտրեց` նման սեր տալու համար։

Ես սիրում եմ իմ հարազատներին, իմ երեխաներին և դա ինձ ապրեցնում է: Այն գործը, որ ես անում եմ Սամվելի հիշատակը վառ պահելու համար` Սամվել Մկրտչյանի  տուն թանգարանը, որն ընթացքի մեջ է , Ջոյսի թարգմաանական դասարանը, այս ամենը  այդ սիրո շարունակությունն է։  Իսկ ցանկացած այլ տղամարդ, միգուցե այլ կանանց համար կարող է հետաքրքրիր լինել, սակայն ինձ համար, Սամվելի հետ համեմատության մեջ, թող ոչ մեկը չնեղանա,  նրանք բոլորը ձանձրալի ու անհետաքրքիր են։   

Աղբյուր՝ Wnews.am

Կիսվել նյութով