ԱշխարհՄամուլՏեսանյութ

«Երկրում հաց, բենզին չկա, թալան է»․ Ղազախստանում ապրող հայ համայնքի ներկայացուցիչ

«Երկրում հաց, բենզին չկա, թալան է»․ Ղազախստանում ապրող հայ համայնքի ներկայացուցիչ

Ղազախստանի ամենամեծ Ալմաթի քաղաքում տասը տարուց ավելի ապրող և աշխատող հայ համայնքի ներկայացուցիչը, անանուն մնալու պայմանով, «Ազատությանը» պատմել է, որ քաղաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ.

«Իրավիճակը շատ անկայուն է, այսինքն` տեղի են ունենում անկարգություններ, գողություններ, թալաններ խանութներում, առևտրի կենտրոններում, այրված մեքենաներ, երկու կողմերից էլ, ես ոնց հասկանում եմ, զոհեր կան: Ինտերնետ կապ գոյություն չունի, անջատված է` 3-4 օր է»:

Որոշակի ժամերին բաց են միայն մթերային փոքր խանութները, որտեղ առավելապես կանխիկ գումարով է առևտուր իրականացվում։ Հերթեր կան բանկոմատների մոտ, քանի որ մարդիկ ցանկանում են անկայուն այս փուլում կանխիկացնել իրենց խնայողությունները։ Քաղաքացիներն աշխատում են երեկոյան ժամերին տներից դուրս չգալ։ Երկրում ինչ-որ առումով ինֆորմացիոն բլոկադա է, ինտերնետ կապն անջատված է:

kazaxstan miting 1

«Գիշերը մեր ինտերնետն էլ չաշխատեց, իսկ անցած գիշեր` ժամը 00:40 տվեցին ինտերնետը մի 4 ժամով, ռադիոկապ ենք սնուցում, դրանք անջատված են, չեն աշխատում կամ ջարդված են: Չգիտեմ` դա է պատճառը, թե դա չի պատճառը, ես հեռուստատեսություն ընդհանրապես չեմ միացնում, չունեմ: Քանի որ շատերի հեռուստատեսությունն ուղիղ կապ ունի ինտերնետի հետ, նա, ով ունի, անտենայով է ստանում, չգիտեմ:

Երեկոյան ժամերին, կարծում եմ, վտանգավոր է դուրս գալ, քանի որ կրակոցներ են լսվում, այրվում են շենքեր` ադմինիստրատիվ շենքեր, կառավարական շենքեր, ցանկալի չի դուրս գալը: Ցերեկվա ժամերին շատ քիչ են ավտոմեքենաները փողոցներում, քանի որ ճանապարհների վրա հսկողություն չկա, շատերը վարում են առանց համարանիշների: Երկրում բացակայում է բենզինը, հաց չկա, հերթեր են խանութներում գոյանում:

Ալմաթիի շրջանը փակ է, չեն թողնում մարդկանց գալ, Ալմաթի մտնել: Դուրս գալ, մտնել հնարավոր չէ, այսինքն` արգելափակումներ են սահմանված քաղաքացիների համար, որպեսզի ամբոխը չտարածվի, չշատանա, չընդլայնվի», – պատմել է Ալմաթի քաղաքում ապրող հայ համայնքի ներկայացուցիչը:

Նրա խոսքով` հայ համայնքի ներկայացուցիչները հիմնականում փորձում են չեզոքություն ցուցաբերել և հույս ունեն, որ առաջիկայում իրավիճակը երկրում կկայունանա։

Ըստ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի պաշտոնական տվյաների` Ղազախստանում ապրում է շուրջ 25 հազար հայ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ մոտ 60 հազար։ Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը հասնում է մոտ 15 միլիոն դոլարի։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում