Մամուլ

«Երկու կլանի մենաշնորհ կա. մեկը Դոն Պիպոն է, մյուսը՝ Լֆիկը». հրապարակվեց Սանասարյանի եւ Թորոսյանի նամակագրությունը

«Երկու կլանի մենաշնորհ կա. մեկը Դոն Պիպոն է, մյուսը՝ Լֆիկը». հրապարակվեց Սանասարյանի եւ Թորոսյանի նամակագրությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին հետազոտվեց նաեւ ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի եւ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նամակագրությունը:

Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը պարզաբանեց, որ այն ներկայացնում են որպես ապացույց՝ հիմնավորելու, որ Սանասարյանը անմեղ է, արդար եւ ղեկավարվել է միայն պետական շահով. «Թեեւ այն ընկերական ոճի մեջ է, սակայն էական նշանակություն ունի»,- ասաց նա:

Նշենք, որ Սանասարյանի եւ Թորոսյանի միջեւ սոցիալական ցանցի միջոցով արված նամակագրությունը տեղի է ունեցել 2019 թվականի փետրվարի 1-ին: Այն ներկայացնում ենք ստորեւ.

Արսեն Թորոսյան– Քո աշխատողները ի՞նչ լիազորություններով են տենդերի տեխնիկական բնութագիրը փոխում… Մենք կորցրել ենք դիալեզի սարքերը սպասարկելու հնարավորությունը, եւ կասկածելի որակի ապրանքներ են կրել, որը ուղիղ ձեւով անդրադառնալու է պացիենտների կյանքի եւ առողջության վրա: Ես մանրամասները չեմ իմացել, որ ձերոնք տեխնիկական պայման են փոխել տվել, թե չէ չէի թողնի, այսուհետեւ տենց ա լինելու, եթե մեր ենթակայության տակ գտնվող կամ առողջապահահության որեւէ հիմնարկում փորձ արվի միջամտել ներքին գործերին: Նույնիսկ ես չեմ տիպային բնութագիր տալիս իմ հիմնարկներին:

Դավիթ Սանասարյան– Արս, դիալեզի ոլորտը մինչեւ հիմա եղել է մոնոպոլիզացված, եւ ոչ մեկը չի կարողացել մուտք գործել: Մեր կողմից հունվարի 8-ին նախարարության աշխատակազմի ղեկավարին է ուղարկվել դիալեզի շուկայի վերլուծության ուսումնասիրություն, եւ առ այսօր չի եղել արձագանք, մեր կողմից ընդամենը առաջարկվել է տեխնիկական բնութագրերը հանձնելիս հաշվի առնել նախնական տիպային բնութագիրը, որը ոչ խտրական է եւ մրցակցություն ապահովող: Դիալեզի շուկայի վերլուծության արդյունքներով՝ շուտով 2 ընկերության վերաբերյալ նյութեր ուղարկվելու են Դատախազություն, չարաշահումների չափը, ըստ նախնական հաշվարկի, գերազանցել է 1 մլն ԱՄՆ դոլարը, ավելին, այս  պահին մրցույթները շարունակվում են կազմակերպել խտրական, մեկ ընկերության համար: Օրինակ՝ Վանաձոր բ/կ-ի մրցույթը նորից խտրական էր: Պացիենտների առողջության մասով էլ մտի Մասիվի բ/կ ու նայի՝ ինչ պայմաններով են դիալեզ ստանում: Պետք է նաեւ նշեմ, որ ծախսանյութերի մատակարարման մրցույթով սարքերի սպասարկում պահանջել արգելվում է, դա «Գնումների մասին» օրենքի կոպիտ խախտում է:

Առկա են բազմաթիվ դեպքեր, երբ մատակարարվել է տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանք ու ընդունվել է, եթե գործի մանրամասներին ես ուզում ծանոթանալ, հրավիրում եմ մեզ մոտ՝ համատեղ քննարկման: Նաեւ հայտնում եմ, որ մրցույթին մասնակցել է 7 ընկերություն, ու մրցակցության արդյունքում «Ֆրեզեն»-ի ներկայացրած գների նկատմամբ շուրջ 6 միլիոն ՀՀ դրամի տարբերություն է տվել մի քանի ամսվա պարագաներ ձեռք բերելու համար: Տարեկան անհրաժեշտ քանակը ձեռքբերելու դեպքում գներն ավելի կնվազեն: Սա առաջին ոչ խտրական մրցույթն է, ու հետագայում հիմքեր են ստեղծվում մեծ գումարներ տնտեսելու համար: Ինձ համար հարց է, թե ինչ քայլեր է ձեռնարկել նախարարությունը մինչեւ հիմա, եւ ինչ է նախատեսում հիմա շուկան մրցակցային ներկայացնելու համար: Խտրական բոլոր մրցույթները կասեցվելու են, իսկ չենթարկվողների վերաբերյալ նյութերը հիմքերով ուղարկվելու են Դատախազություն: Վերջում մեկ օրինակ բերեմ. դիալեզի պարագաները գնում-վաճառվում են մաքսային արժեքից 2.2-3.8 անգամ թանկ գներով, դու իմ ընկերն ես, բայց ես չեմ կարող պարտականություններս չիրականացնել, եթե խոչընդոտ եղավ, իրավական ընթացք տալու ենք»:

Արսեն Թորոսյան– Դավ, ընկեր լինելը կապ չունի, երբ հիվանդի կյանքի հետ գործ ունես, իմ համար մի քանի միլիոն դրամը էական չի, երբ կոնկրետ մարդու կյանքի հարց է: Նաեւ էական չէ այդ գնումների ախմախ օրենքը: Ասում ես՝ արգելվում ա սպասարկում մտցնելը, իսկ թույլ տրվո՞ւմ ա դրա համար մի քանի միլիարդ ծախսելը, որը արդյունքում բերելու ա ավելի թանկ գնի ու ավելի մեծ ծախսի: Նույն կերպ թույլատրվո՞ւմ ա նենց փոխել տալ տենդերի պայմանները, որ տենդերը կրի «Զորաշեն» ՍՊԸ-ն, որը նախկինում չի զբաղվել այս բիզնեսով, մեր սխալն ա եղել, որ այդ առաջարկությունը ընդունել ենք, ես, որ իմանայի, հաստատ չէի ընդունի, ուրախ եմ, որ «Վանաձոր» ԲԿ-ն չի ընդունել: «Զորաշեն»-ն էլ մեծ հավանականությամբ կընկնի սեւ ցուցակ, եթե հանկարծ անորակ ապրանք բերի: Հաջորդը. իմ նախարարությունը էնքան բան ա անում դիալեզի շուկայում, որ ոչ մեկը մինչ օրս չի արել՝ սկսած տրանսպլանտալոգիայի զարգացումից, որ մարդկանց երիկամները փոխենք, որ դիալեզի կարիք չունենան, վերջացրած Երեւանում ու մարզերում դիալեզի նոր կենտրոնների բացումով, որ պահանջարկը բավարարենք, բայց ոչ երբեք որակի հաշվին:

Սանասարյան– Արս ջան, «Զորաշեն»-ը չգիտեմ ինչ կազմակերպություն է, բայց ինձ չի հետաքրքրում, քո գործն էլ ես տեսնում եմ ու ամեն հնարավոր առիթով քո արածներից եմ խոսում: Ինչ վերաբերում է կյանքերին, ապա ապացուցված չէ ասածդ, որ որակի խնդիր կա, իրականում երկու կլանի մենաշնորհ կա. մեկը Դոն Պիպոն է, մյուսը՝ Լֆիկը: Օրինականությունը, ամեն դեպքում, պիտի պահվի, ցավդ տանեմ:

Թորոսյան– Այդ երկու կլանները աշխարհի լավագույն երկու ֆիրմի ապրանքն են բերում, ի դեպ, 50-100 000 դրամանոց սարքերը նվեր տալով:

Սանասարյան– Բայց էն մյուսն էլ աշխարհում 10 միլիոն տոկոս ծածկ ունի, նենց չի, որ վատն ա, ապեր: Նենց չի՝ նվեր ա, տալիս են, որ իրենցն օգտագործվի, բեր նստենք, խոսենք իրար հետ:

Թորոսյան– Համ չգիտես՝ ում ֆիրման ա, համ գրում ես, որ աշխարհում ծածկ ունի… Լավ, Դավ ջան, դե կապի մեջ:

Սանասարյան– Քանի որ ես ուզում եմ ավելի լավ հասկանալ՝ ինչ է կատարվել դիալեզի շուկայում, ու որպեսզի քո մոտ էլ կասած չլինի, մի քանի օրում կմտնենք նախ «Գրիգոր Լուսավորիչ», հետո նոր՝ «Վանաձոր»: Ասեցի՝ ասեմ՝ իմանաս:

Թորոսյան– Ուր ուզում եք, մտեք, Դավ ջան, դուք շուկա չեք կարող ուսումնասիրել, կարող եք միայն պետական գնումներ ուսումնասիրել: Հուսով եմ՝ տուբերկուլյոզի կենտրոն մտնելու պես քո աշխատողները աշխատանքներին չեն խոչընդոտի:

Հաշվի առնելով, որ փաստաբաններից մեկը նախապես նշանակված այլ դատական նիստի էր՝ այսքանով այսօրվա դատական նիստը ավարտվեց: Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 1-ին՝ ժամը 10:30-ին:

Կիսվել էջում