Մամուլ

Երեք անչափահաս երեխաների մորը 10․000 դրամի գողության համար ազատազրկել են 6 տարի 6 ամիս ժամկետով

Aravot.am-ը գրում է․ Ամբաստանյալ Հասմիկ Սարգսյանի անչափահաս դուստրը հայտնել էր, որ իր քրոջ հեռախոսահամարին է զանգել ծանոթը և ասել, որ մայրը գողություն է կատարել: Երբ Սիսիանի իրենց տուն է գնացել` խոհանոցում տեսել է բանջարեղենով լի երեք տոպրակ: 2017 թվականի հուլիսի 6-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ոստիկանության Սիսիանի բաժնում Մարիետա Հովհաննիսյանի բնակարանից 10 000 ՀՀ դրամ գումարի գողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաքննությունն իրականացրել է քննիչ Ն. Ստեփանյանը: Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել: Ըստ մեղադրական եզրակացության, նա 2017 թվականի հուլիսի 4-ին` ժամը 15-ի սահմաններում, օգտվելով տուժող ճանաչվածի բացակայությունից, դռան փականը վնասելու եղանակով մտել է տուժողի բնակարան, ննջասենյակի պահարանի վրայի պայուսակից հափշտակել 2 հատ 5000 դրամ՝ «պատճառելով զգալի չափերով գույքային վնաս»:

Մինչ օրս Հասմիկ Սարգսյանի նկատմամբ ընտրված է չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը 2017 թվականի օգոստոսի 16-ից գտնվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այսօր ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում է: Առաջին ատյանի դատարանում Հասմիկն իրեն մեղավոր է ճանաչել: Նա ասել էր, որ միայնակ, երեք երեխաների հետ վարձով բնակվել է Սիսիանում: Աշխատանք չի ունեցել, ապրուստի միակ միջոցը ընտանեկան նպաստն էր:

Տուժողի հետ ծանոթացել էր գողությունից 6 ամիս առաջ, հաճախ գտնվել է նրա տանը: Մի օր էլ նկատել է, թե տուժողը որտեղ է թաքցնում իր գումարը: Զանգել է տուժողին, ճշտել, որ նա տանը չէ, այլ գտնվում է Հացավան գյուղում: «Տանը ուտելիք չկար, գնացի Մարիետայի բնակարան, վերցրի 2 հատ 5000 թղթադրամները, հեռացա»,-ասել էր Հասմիկը: Նույն օրն էլ երեխաների համար գնել էր միրգ և բանջարեղեն:

Սակայն գիշերը՝ ժամը 21:00-ի սահմաններում, նրան հրավիրում են ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ խոստովանում է, որ գողություն կատարողն ինքն է: Տուժողը միայն Հասմիկին էր ասել Հացավանում իր գտնվելու մասին, ու երբ եկել էր տուն, և տեսել գումարը չկա, անմիջապես զանգել էր ոստիկանություն ու հայտնել կատարվածի մասին: Այս գործը կարող էր դատարան չհասնել, Հասմիկը գումարը վերադարձրել է, սակայն ոչ միայն հասել է, այլ կատարված հանցագործության համար հաշվի չի առնվել մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ, մասնավորապես, որ հանցագործության պատճառը երիտասարդ կնոջ սոցիալական ծանր վիճակն է եղել, երեք անչափահաս երեխաներին պահելու անհնարինությունը, վարձով բնակվելը, տուժողի վնասը հատուցելը:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կիսվել նյութով