ՄամուլՏեսանյութ

Երեկ Մալաթիայում հնչած կրակոցների դեպքով ձերբակալվածներից մեկը «Նեպտուն»-ի Համիկի 23-ամյա որդին է (Տտեսանյութ)

Երեկ Մալաթիայում հնչած կրակոցների դեպքով ձերբակալվածներից մեկը «Նեպտուն»-ի Համիկի 23-ամյա որդին է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 30-ին, ձերբակալվել են Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 21-ամյա Էդգար Առաքելյանը և Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ՝ 23-ամյա Սարգիս Ավետիսյանը։

Վերջիններս ձերբակալվել են երեկ՝ հունիսի 30-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի 149 շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այդ օրը, ժամը 15։30-ի սահմաններում նշված շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել Ս. Ավետիսյանի և Է. Առաքելյանի միջև, ինչպես նաև ոմն Նարեկի։

Վիճաբանության ժամանակ Ս. Ավետիսյանը իր մոտ պահվող մահակի նմանվող առարկայով մի քանի անգամ հարվածել է Է. Առաքելյանի գլխին, նրան թողնելով անօգնական՝ դեռևս չպարզված անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի։

Պարզվել է նաև, որ Է. Առաքելյանն էլ իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել ավտոմեքենայի ուղղությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ոմն Նարեկի անձը պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը, մահակը և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առձջ խոսել, ասում էին. «Կռվի մասնակիցներից Ս. Ավետիսյանը հանրությանը հայտնի «Նեպտուն»-ի Համիկի տղան է, ով հաճախակի է Բանգլադեշում հայտնվել վիճաբանութունների կիզակետում և ամեն անգամ ջրից չոր է դուրս եկել, երևի, շնորհիվ իրեն ամենազոր համարող հայրիկի և ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալներից մեկի, ու եթե ժամանակին ճիշտ գնահատական տրվեր նրա կողմից տեղի ունեցած միջադեպերին, ապա այսօր նա գործի չէր դնի մահակը, իսկ Էդգարն էլ ինքնապաշտպանության նպատակով, երևի, իր մոտ պահվող ապօրինի ատրճանակից կրակոցներ չէր արձակի։

Ուզում ենք հավատանք, որ այս անգամ «Նեպտունի»-ի Համիկի տղան իր կատարած խուլիգանության համար պատասխանատվության կենթարկվի, ու նրան անգամ չի կարող օգնել Մալաթիայի բաժնի պետի օպերգծով տեղակալ Գարիկ Սարգսյանը, ով իր հիմնական գործը թողած՝ ավելի շատ զբաղվում է, թե որտեղից են լրագրողները իմանում դեպքերի մասին, որտեղից են լրագրողները ձեռք բերում տեղեկություններ՝ տեղի ունեցած հանցագործությունների մասին»։

Կիսվել էջում