Մամուլ

Երեկ խոսել էր հարազատների հետ, ասել էր՝ ամեն ինչ նորմալ է․ մանրամասներ 18-ամյա զինծառայողի մահվան դեպքից

06.11.2018թ., ժամը 08:20-ից 8:30-ի սահմաններում N զորամասի  ժամկետային զինծառայող, շարքային Արիստակես Էդուարդի Ազատյանը զորամասի հսկիչ անցագրային կետից շուրջ 70 մ հեռավորությամբ գտնվող երկաթյա կամրջի մոտ, իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով, ծնոտի ստորին շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Armtimes-ի հետ զրույցում Պռոշյանի համայնքապետ Արթուր Մուրադյանն ասաց, որ այս պահին տեղեկություններ չունեն, թե ինչ պատճառով է զինծառայողը նման քայլի դիմել: «Ընտանիքում համենայնդեպս խնդիրներ չեն եղել, բանակում էլ չեմ կարող ասել, որովհետեւ դեռ հանգամանքները պարզ չեն, համենայնդեպս այս 4 ամսվա ընթացքում ինքը ոչ մի բանից չի բողոքել, երբ զանգել են, խոսել են հետը, ինքը ասել ա՝ շատ լավ ա: Նույնիսկ երեկ էլ են հետը խոսել. պապիկի հետ է խոսել, ասել է՝ նորմալ է պապիկ ջան, ամեն ինչ նորմալ է»,- պատմեց գյուղապետը: Նա հավելեց, որ ընտանիքն ապրում է սոցիալապես նորմալ պայմաններում: Զինծառայողը մեկ ավագ եղբայր ունի:

Կիսվել նյութով