ՄամուլՏեսանյութ

Երեխաներին, տարեցներին ու հաշմանդամներին մատուցվող խնամքի ծառայությունները կբարելավվեն (Տեսանյութ)

Երեխաներին, տարեցներին ու հաշմանդամներին մատուցվող խնամքի ծառայությունները կբարելավվեն։

Կառավարությունը հաստատել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված  երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց  մատուցվող խնամքի ծառայությունները պետական վկայագրի միջոցով տրամադրելու կարգը, պետական վկայագրի ձևը:

Համապատասխան որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումների պահանջով, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի այլընտրանքային ծառայությունների զարգացման, դրանց որակի բարձրացման  և հասանելիության ապահովման  անհրաժեշտությամբ:

Հիմնավորման համաձայն՝  ներկայում գործում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների 16 ՊՈԱԿ, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի 6 ծառայություն:

Վերոհիշյալ կազմակերպություններում խնամքն իրականացվում է մեծ ինստիտուցիոնալ հաստատություններում, որտեղ շահառուները հիմնականում խնամվում են մեծ խմբերով, ինչը հիմնական պատճառ է հանդիսանում նրանց ոչ բավարար  խնամքի իրականացման համար:

Ըստ այդմ՝ առաջարկվում է կարգավորել ՀՀ պետբյուջեի միջոցներով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունները պետական վկայագրի միջոցով տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

Պետական վկայագրի միջոցով խնամքի ծառայությունների համար անհրաժեշտ միջոցները կտրամադրվեն ՀՀ պետբյուջեով համապատասխան ծրագրերի իրականացման համար  հատկացված միջոցների հաշվին:

Այդ նպատակով, սույն նախագծի ընդունումից հետո կներկայացվի առաջարկություն ՀՀ 2020 թ. պետբյուջեում համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ:

2020 թ. համար կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին շուրջօրյա խնամքի ծառայությունները վկայագրի միջոցով մատուցելու համար կպահանջվի  20.037,5 հազ.դրամ դրամ, իսկ  ցերեկային խնամքի ծառայությունների համար՝  7.932.500 հազ.դրամ դրամ:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կարծում եմ՝ մենք պետք է արձանագրենք, որ սա շատ կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխման կարևոր բաղադրիչ է:

Մենք շատ հաճախ մեր բարեփոխումների գործընթացը պետք է ներկայացնենք ոչ այնքան պաշտոնական, որքան՝ առօրյա լեզվով: Վերջին շրջանում աղմուկ է ձևավորվում, թե իբր մենք տարեցների խնամքի տուն ենք փակում, կամ գիշերօթիկ դպրոցի հետ կապված աղմուկ կա:

Կարծում եմ՝ մենք պետք է շատ հստակ արձանագրենք, թե ինչ ենք անում: Մենք անում ենք հետևյալը՝ այդ հաստատություններում ծառայությունները մրցույթով արտապատվիրակում ենք մասնավոր կամ բարեգործական կազմակերպությունների»,- նշել է կառավարության ղեկավարը:

Այսինքն՝ պետությունը հայտարարած մրցույթի արդյունքում ընտրած կազմակերպությունը պետք է ծառայություններ մատուցի տարեցներին, խնամքի անհրաժեշտություն ունեցող քաղաքացիներին:

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել նյութով