Քաղաքականություն

Երբ Փաշինյանը ծոցագրպանից հանեց Սահմանադրությունը, Սեֆիլյանն ասաց՝ թքած ունեմ. «Սասնա ծռեր» նոր օպերացիա՞ է պատրաստվում

Այդ մարդիկ ունեն իրենց բարոյական կոդեքսը, որը շատ հատուկ է բոլոր ահաբեկչական կազմակերպությունների բարոյական կոդեքսին։ Որևէ ահաբեկիչ երբեք չի ասում, որ ինքը վատ բան է արել, այդ մարդիկ իրենց էությամբ ահաբեկչական կառույց են, մերձավորարևելյան ահաբեկչական մշակույթի կրողն են, և այդ կոնտեքստում ոչ միայն զարմանալի չեն նրանց հայտարարությունները, ավելին՝ օրինաչափ են։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արարատ Խանդոյանի այն հայտարարությանը, թե «Հայաստանում ոչինչ չի փոխվել, միայն իշխանիկների տեղերն են փոխվել, սրիկաները գնացել են, նորերն են եկել», ինչպես նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի հայտարարությանը։

Հիշեցնենք. Ենիգոմշյանը մեզ տված հարցազրույցում նշել էր. «Այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղ պայքարի ճանապարհները փակված են, զինված պայքարն ընդունելի է»։ Նա նշել է, թե, իհարկե, հիմա իրավիճակ է փոխվել, «բայց եթե իրավիճակը կրկնվի, և, կրկնում եմ, խաղաղ ճանապարհով հնարավոր չլինի իրավունքների վերադարձը, ապա ոչ խաղաղ ճանապարհով գործողությունները կդառնան օրինաչափ»։

Սամսոնյանը չի բացառում, որ շատ շուտով «Սասնա ծռերը», «Հիմնադիր խորհրդարանը» և նրանց համակիր անդամները նույն գործողությունը կանեն Նիկոլ Փաշինյանի դեմ։ «Զարմանալ պետք չէ։ Թող Նիկոլ Փաշինյանը և այն պատգամավորները, որոնք ազատության համար երաշխավոր են դարձել, իրենք մտածեն։ Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, դրանից հետո մարդիկ, ովքեր նույն բանը փորձել են զենքով անել, ուղղակի պետք է ձայները կտրեին և շարունակեին կրել իրենց պատիժը։ Բայց քանի որ Հայաստանում իշխանությունները այդ առումով էլ սկսեցին պոպուլիստական մոտեցում ցուցաբերել, դրա համար նրանք հայտնվեցին ազատության մեջ»,- ասաց ՀԿ նախագահը։

Խոսելով կոնկրետ Ալեք Ենիգոմշյանի հայտարարության մասին՝ մեր զրուցակիցը հիշեցրեց՝ 2011 թվականին ՀԱԿ-ի երիտասարդները, այդ թվում՝ Սամսոնյանը, կազմակերպել էին հանրային լսումներ։ Դա այն ժամանակ էր, երբ Ժիրայր Սեֆիլյանն ասել էր՝ երբ Լևոն եք գոռում, ինքը այդտեղ չի գա, բայց եկել էր, ու մյուս բանախոսը Նիկոլ Փաշինյանն էր։ «Նիկոլ Փաշինյանին Ժիրայր Սեֆիլյանն ասում էր հետևյալը՝ ասեք՝ ի՞նչ երկիր եք ուզում տեսնել, ձեր տեսլականը ո՞րն է, որ մենք իմանանք՝ ձեզ հե՞տ ենք, թե՞ ոչ։ Այսօրվա նման հիշում եմ՝ Նիկոլ Փաշինյանը ծոցագրպանից հանեց ՀՀ Սահմանադրությունը և ասաց՝ այստեղ ամեն ինչ գրված է, այսպիսի պետություն ենք ուզում։ Ժիրայր Սեֆիլյանն ասաց՝ ես թքած ունեմ դրա վրա։ Այսինքն՝ Ալեք Ենիգոմշյանը նորություն չի ասել։ Նա ասել է այն, ինչ Ժիրայր Սեֆիլյանն ու իր խմբավորումը երկար տարիներ ասել են ու ասում են և 2016-ին արել են։ Հիմա էլ Ալեքն ասում է այն, ինչ անելու են»,- հիշեց Նարեկ Սամսոնյանը։

Նա խորհուրդ տվեց Նիկոլ Փաշինյանին  չզարմանալ և չհամաձայնեց այն պնդման հետ, թե Հայաստանում զենքով հարց չի լուծվում. Հայաստանում զենքով հարց լուծում են, ու դրա մասին ևս մեկ անգամ հայտարարել են Ալեք Ենիգոմշյանի բերանով, այսօր էլ՝ Արարատ Խանդոյանի, մյուսը՝ Պավլիկ Մանուկյանի սկանդալային հայտարարությունը ընկերների դեմ, որ սպանել են ու բանկոմատն էլ թալանել են։ «Մենք գործ ունենք այդպիսի մարդկանց հետ։ Այո, լինելու է, ու թող Նիկոլ Փաշինյանը լավ իմանա՝ այս մարդիկ պայքարելու ուրիշ ձև չգիտեն»,- իր խոսքը եզրափակեց մեր զրուցակիցը։

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է՝ եթե մարդը անշնորհակալ է իրեն ազատություն տվողի նկատմամբ, այդտեղ ասելու շատ բան չկա։ Արշակյանի խոսքով՝ որոշ մարդկանց համար քաղաքական ճանապարհները միշտ փակ են լինելու, այսինքն՝ մարդիկ կան, որ կոչված չեն իշխանություն ստանալու, և կլինեն մարդիկ, ովքեր արյան ծարավ են։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում