ՄամուլՔաղաքականություն

Երբ Փաշինյանը ծոցագրպանից հանեց Սահմանադրությունը, Սեֆիլյանն ասաց՝ թքած ունեմ. «Սասնա ծռեր» նոր օպերացիա է պատրաստվում

«Առաջին լրատվական»-ը գրում է․ Այդ մարդիկ ունեն իրենց բարոյական կոդեքսը, որը շատ հատուկ է բոլոր ահաբեկչական կազմակերպությունների բարոյական կոդեքսին։ Որևէ ահաբեկիչ երբեք չի ասում, որ ինքը վատ բան է արել, այդ մարդիկ իրենց էությամբ ահաբեկչական կառույց են, մերձավորարևելյան ահաբեկչական մշակույթի կրողն են, և այդ կոնտեքստում ոչ միայն զարմանալի չեն նրանց հայտարարությունները, ավելին՝ օրինաչափ են։

Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի այն հայտարարությանը, թե «Հայաստանում ոչինչ չի փոխվել, միայն իշխանիկների տեղերն են փոխվել, սրիկաները գնացել են, նորերն են եկել», ինչպես նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի հայտարարությանը։

Հիշեցնենք. Ենիգոմշյանը մեզ տված հարցազրույցում նշել էր. «Այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղ պայքարի ճանապարհները փակված են, զինված պայքարն ընդունելի է»։ Նա նշել է, թե, իհարկե, հիմա իրավիճակ է փոխվել, «բայց եթե իրավիճակը կրկնվի, և, կրկնում եմ, խաղաղ ճանապարհով հնարավոր չլինի իրավունքների վերադարձը, ապա ոչ խաղաղ ճանապարհով գործողությունները կդառնան օրինաչափ»։

Սամսոնյանը չի բացառում, որ շատ շուտով «Սասնա ծռերը», «Հիմնադիր խորհրդարանը» և նրանց համակիր անդամները նույն գործողությունը կանեն Նիկոլ Փաշինյանի դեմ։ «Զարմանալ պետք չէ։ Թող Նիկոլ Փաշինյանը և այն պատգամավորները, որոնք ազատության համար երաշխավոր են դարձել, իրենք մտածեն։ Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, դրանից հետո մարդիկ, ովքեր նույն բանը փորձել են զենքով անել, ուղղակի պետք է ձայները կտրեին և շարունակեին կրել իրենց պատիժը։

Բայց քանի որ Հայաստանում իշխանությունները այդ առումով էլ սկսեցին պոպուլիստական մոտեցում ցուցաբերել, դրա համար նրանք հայտնվեցին ազատության մեջ»,- ասաց ՀԿ նախագահը։ Խոսելով կոնկրետ Ալեք Ենիգոմշյանի հայտարարության մասին՝ մեր զրուցակիցը հիշեցրեց՝ 2011 թվականին ՀԱԿ-ի երիտասարդները, այդ թվում՝ Սամսոնյանը, կազմակերպել էին հանրային լսումներ։ Դա այն ժամանակ էր, երբ Ժիրայր Սեֆիլյանն ասել էր՝ երբ Լևոն եք գոռում, ինքը այդտեղ չի գա, բայց եկել էր, ու մյուս բանախոսը Նիկոլ Փաշինյանն էր։

«Նիկոլ Փաշինյանին Ժիրայր Սեֆիլյանն ասում էր հետևյալը՝ ասեք՝ ի՞նչ երկիր եք ուզում տեսնել, ձեր տեսլականը ո՞րն է, որ մենք իմանանք՝ ձեզ հե՞տ ենք, թե՞ ոչ։ Այսօրվա նման հիշում եմ՝ Նիկոլ Փաշինյանը ծոցագրպանից հանեց ՀՀ Սահմանադրությունը և ասաց՝ այստեղ ամեն ինչ գրված է, այսպիսի պետություն ենք ուզում։ Ժիրայր Սեֆիլյանն ասաց՝ ես թքած ունեմ դրա վրա։ Այսինքն՝ Ալեք Ենիգոմշյանը նորություն չի ասել։ Նա ասել է այն, ինչ Ժիրայր Սեֆիլյանն ու իր խմբավորումը երկար տարիներ ասել են ու ասում են և 2016-ին արել են։ Հիմա էլ Ալեքն ասում է այն, ինչ անելու են»,- հիշեց Նարեկ Սամսոնյանը։

Նա խորհուրդ տվեց Նիկոլ Փաշինյանին չզարմանալ և չհամաձայնեց այն պնդման հետ, թե Հայաստանում զենքով հարց չի լուծվում. Հայաստանում զենքով հարց լուծում են, ու դրա մասին ևս մեկ անգամ հայտարարել են Ալեք Ենիգոմշյանի բերանով, այսօր էլ՝ Արարատ Խանդոյանի, մյուսը՝ Պավլիկ Մանուկյանի սկանդալային հայտարարությունը ընկերների դեմ, որ սպանել են ու բանկոմատն էլ թալանել են։

«Մենք գործ ունենք այդպիսի մարդկանց հետ։ Այո, լինելու է, ու թող Նիկոլ Փաշինյանը լավ իմանա՝ այս մարդիկ պայքարելու ուրիշ ձև չգիտեն»,- իր խոսքը եզրափակեց մեր զրուցակիցը։ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է՝ եթե մարդը անշնորհակալ է իրեն ազատություն տվողի նկատմամբ, այդտեղ ասելու շատ բան չկա։ Արշակյանի խոսքով՝ որոշ մարդկանց համար քաղաքական ճանապարհները միշտ փակ են լինելու, այսինքն՝ մարդիկ կան, որ կոչված չեն իշխանություն ստանալու, և կլինեն մարդիկ, ովքեր արյան ծարավ են։

«Նրանց համար կարևոր չէ՝ հանուն ինչի են դա անում։ Ուղղակի ուզում են, իրենց մեջ կա բռնության գնալու կիրք, կարևոր չէ՝ անձնակա՞ն խնդիր է, սոցիալակա՞ն թե՞ քաղաքական։ Ես կարծում եմ՝ մենք պետք է հաշտվենք այդ մտքի հետ, որ Հայաստանը դրախտ չէ, մեզ այնտեղից վտարել են վաղուց, և հայ ժողովուրդը իր մեջ ունի տարբեր տեսակի ու մակարդակի քաղաքացիներ։ Մենք պետք է պատրաստ լինենք բոլորին համապատասխան վերաբերմունքի արժանացնելու։ Հայաստանում հայ լինելը վտանգավոր է, Հայաստանից դուրս հայ լինելը՝ ավելի վտանգավոր»,- նշեց Ազատ Արշակյանը։

Վերջինս կարծում է, որ իրենք արդեն ծանր ու դաժան պարտություն կրել են, ձախողված փորձ են ունեցել ու արժանացել են մարդասիրական վերաբերմունքի։ «Եթե դիմացինը տրամադրված լիներ ճիշտ այնպես, ինչպես իրենք, ապա հիմա նրանք անգամ հայտարարություն անելու հնարավորություն չէին ունենա։ Բայց իրենց դիմացինը մարդասեր է, նրանց հնարավորություն է տվել ապրելու ու նույնիսկ հայտարարություն անելու։

Ես կարծում եմ՝ դա ճիշտ է։ Հարկավոր է սիրով, համոզելով, մարդասիրաբար հանդարտեցնել նրանց։ Իսկ բոլոր նրանց, ովքեր ձեռք են բարձրացնում նրանց եղբոր վրա, չեն հասկանում, որ խաղաղությունը, հայրենասիրությունը շատ ավելի բարձր են, քան արյունահեղությունը. պետությունն ունի համապատասխան ռեսուրս նրանց հանդարտեցնելու համար։ Կան այդպիսի ռեսուրսներ։ Նաիրի Հունանյանի, «Սասնա ծռերի» փորձը ցույց է տալիս, որ բոլորը կպատժվեն»,- իր խոսքն ամփոփեց Ազատ Արշակյանը։

Աղբյուր՝ 1in.am

Share