Շոու-բիզնես

«Երաժշտական ասպարեզում մի քանի հոգի իրենց նավթալին, կեղտոտ մտքերով թունավորում են երիտասարդների»․ Արտո Թունջբոյաջյան

Մեկ անգամ չէ, որ ինքն իր մասին խոսելիս նա ասել է` Արտո Թունջբոյաջյանին ես չեմ դարձրել էդպիսին,  «Արարատ» երգն է դարձրել։ Նրա՝ երաժշտությունը նոր հնչյուններով ներկայացնելու ունակությունը 2011 թվականին չի վրիպել «ԱՄՆ ձայնագրման արվեստի և գիտության ազգային ակադեմիա»-ի աչքից, ինչի շնորհիվ Armenian Navy Band–ի ղեկավարն ամերիկացի հայտնի սաքսոֆոնահար Փոլ Ուինթերի հետ թողարկած Miho: Journey to the Mountain ալբոմի համար արժանացավ «Գրեմմի»-ի: Արտո Թունջբոյաջյան

Արտոն մի քիչ նեղսրտելով է նշում, որ Հայաստանում իրենց խմբի ամենահայտնի գործն այդպես էլ մնաց «Արարատը», չնայած, ըստ կատարողի, դրան նախորդել ու հաջորդել են շատ ավելի արժեքավոր գործեր։

Tert.am Lifeը Արտո Թունջբոյաջյանի հետ զրուցել է հայկական երաժշտական դաշտի ու նոր ստեղծագործողների մասին։

2013 թվականին Արտոն «Հայաստանի ձայնը» մարզիչներից էր, որում եզրափակիչ դուրս եկավ իր մասնակիցներից Գայա Արզումանյանի հետ։ Նախագծի շրջանակում աղմկահարույց եղավ Արտոյի նկատողությունը ֆավորիտ Մաշա Մնջոյանին, որն էլ դարձավ նախագծի հաղթողը։ Նրա մարզիչ Սոնան սուր արձագանքեց Արտոյի նկատողությանը։ Ավելի ուշ մամուլում տարածվեց Արտոյի պարզաբանումը, ըստ որի, նա ասել էր` չեմ ուզում, որ հետագայում Մաշան երգի ռեստորաններում։

Հաշվի առնելով, որ ներկայումս ռեստորանում երգելու ճանապարհը բռնել է Արտո Թունջբոյաջյանի մասնակիցը՝ Գայա Արզումանյանը, հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է նա հետևում վերջինիս կարիերային և ինչո՞ւ այդպես ստացվեց․ «Մաշա, Գայա կամ ով ուզում է լինել՝ իրենց համար չկա ուրիշ հնարավորություն։ Գայա Արզումանյանի ձայնը, կեցվածքն ինձ դուր եկավ, այդ ժամանակ մեկը պետք էր, որպեսզի կոտրեր կարծրատիպը։

Ձայնային մրցանակ ինձ համար չկա, առհասարակ, չեմ ընդունում նման հասկացողություն։ Ես այդ նախագիծ մտնելու պատճառներ ունեի, բայց ներկայումս երաժշտական ասպարեզում մի քանի հոգի կան, որոնք իրենց նավթալին, կեղտոտ մտքերով թունավորում են  երիտասարդներին։ Երիտասարդի մարմինը գործածելով` իրենց ստրուկն են դարձնում ու այդ երիտասարդն իր տաղանդի արժեքը չի կարողանում գնահատել։ Բոլորն էլ սկսում են նույն ձևով երգել»։

Երաժշտի խոսքով` դեռ այն ժամանակ ինքը կարծիք է հայտնել՝ պետք չէ որևէ մեկին կրկնօրինակել, որովհետև օրիգինալը կմնա բեմին, նրան կրկնօրինակողը ռեստորանում կլինի միայն կրկնօրինակող։ «Բոլոր երգիչ-երգչուհիները տեսահոլովակներ ունեն, բայց վերջում կամ Լոս Անջելեսում են համերգ տալիս, կամ գնում են, հարսանիքի ժամանակ երգում։

Շատ տաղանդավոր երիտասարդներ կան, որոնք չեն կարողանում հարթակ գտնել իրենց մտքերն առաջարկելու համար։ Իրենց մտքերն այստեղ չեն առաջարկում, հետո գնում են ուրիշ երկիր։ Իրենց ստեղծագործելու վստահություն տալու համար մենք պետք է իրենց կողքը լինենք, որպեսզի չընկնեն։ Պետք է նորը փորձելու հնարավորություն լինի։ Անկեղծ ստեղծագործելը միշտ էլ գնահատվում է բոլոր մասնագիտությունների դեպքում»,- ասաց Արտո Թունջբոյաջյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր քայում։

Կիսվել նյութով