Շոու-բիզնես

«Ես սա այսպես չեմ թողնելու». ինչու Սոնա Շահգելդյանին երեկվա տոնական համերգին թույլ չտվեցին ելույթ ունենալ

Երեկ Հանրապետության հրապարակում կայացավ Առաջին հանրապետության հարյուրամյակին նվիրած տոնական համերգ, որի ընթացքում իրենց կատարումներով ներկայացան հայկական շոու բիզնեսի երգիչ-երգչուհիները: Պարզվում է՝ համերգի ընթացքում մի քանի երգիչ-երգչուհիներ ելույթ չեն ունեցել, որոնցից մեկն էլ երգչուհի Սոնա Շահգելդյանն է, ով BlogNews.am-ի հետ զրույցում մանրամասներ է պատմել.

«Ամեն տարի երբ հրապարակում համերգ է եղել, ես ընդհանրապես հրավիրված չեմ եղել և երբեք չեմ խնդրել, որ ինձ հրավիրեն որևէ համերգի: Այս անգամ ինձ հրավիրել էին, որպեսզի երգեի համերգի երկրորդ հատվածում և որքանով տեղյակ եմ, համերգը ուշացումով է սկսվել:

Ես միշտ եղել եմ արդարության կողմնակիցը, ուրիշների նման չեմ քծնում․ կարծում եմ՝ հանդիսատեսը դրա մասին շատ լավ գիտի: Առհասարակ, ես ոչ ոքի չեմ ուզում վիրավորել, քանի որ կյանքն այս համերգով չի սահմանափակվում: Հրավերը ստացել եմ և քանի որ ելույթ էի ունենալու ժողովրդի համար, համաձայնվել եմ»,- պատմում է Սոնան:

Ի դեպ՝ ըստ երգչուհու՝ համերգին թույլ չեն տվել երգել նաև «Նեմրա» խմբին, Գաբի Գալոյանին. «Շատ երգիչների անուններ կային, բայց հիմա չեմ հիշում: Կազմակերպիչները պատճառաբանել են, որ համերգն ավարտվել է, բայց եթե դեռ երկրորդ բաժնի երգիչները չեն երգել, ինչպե՞ս կարող է համերգը վերջանալ: Ես նաև իմ սոցէջերում էի նշել, որ այս մասին բարձրաձայնելու եմ և այս ամենն այսպես չեմ թողնելու: Յուրաքանչյուրը պետք է իր պատասխանը տա:

Բացի դրանից՝ ես երեկ հասցրել եմ երգել մի քանի տեղերում, այդ ամենից զատ՝ եկա Հարապետության հրապարակ՝ սրտանց երգելու ժողովրդի համար: Կարծում եմ՝ շատերը գիտեն, որ ես միշտ էլ ժողովրդի կողմից եմ եղել, ոչ թե հեղափոխությունը եղավ, իսկ ես ծաղկի նման ծաղկեցի»:

«Ովքեր կազմակերպել էին այս համերգը, պետք է ուրախ լինեին, որ ես առհասարակ երգեի, քանի որ ինքս երբեք չեմ խնդրում մասնակցել ինչ-որ համերգի: Ինձ համար ո՛չ կուսակցությունը կապ ունի, ո՛չ էլ մասնակիցների և առավել ևս՝ կազմակերպիչների ով լինելը: Երգիչը պետք է միշտ իր գործով զբաղվի, լինի ժողովրդի մի մասնիկը:

Թող միայն հարգեն այն երգիչներին, ովքեր ժողովրդի կողքին են եղել, արդար են եղել և իրենց գործով ապացուցել են: Մարդիկ շատ լավ գիտեն և գիտակցում են, իսկ ես հպարտ եմ, որ այդ սերը վայելում եմ»,- եզրափակեց երգչուհին։

Աղբյուր՝ blognews.am

Share