ՄամուլՏեսանյութ

Ես հասկացա, որ ոտքերիս տակ դրված տոպրակում իմ եղբայրն է. մյուս շոկը՝ նույնիսկ բերանը չէին փակել (Տեսանյութ)

Ես հասկացա, որ ոտքերիս տակ դրված տոպրակում իմ եղբայրն է. մյուս շոկը՝ նույնիսկ բերանը չէին փակել

Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական-հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Հարությունյանը՝ ում մորաքրոջ որդին մահացել է կորոնավիրուսից: Դիակը ճանաչելու համար նա գնացել է «դիահերձարան», որտեղ էլ ականատես է եղել սարսափելի մի տեսարանի:

«Մորաքրոջս որդու մահվան լուրը շատ շոկային էր: Ես ասացի, որ ես եմ գնալու դիակը ճանաչելու, որովհետև ուզում էի համոզված լինել, որ եղբորս եմ հողին հանձնելու, քանի որ մամուլում շատ էի տարբեր դեպքեր կարդացել: Նախ՝ դա կիսախարխուլ շենք էր, հետո իմացա, որ Թոքաբանության ազգային կենտրոնին կից գտնվող այդ դիահերձարանի լվացքատունն է եղել, քանի որ դիահերձարանը հիմա վերանորոգվում է, որովհետև տվել են մասնավոր ինչ-որ ընկերության, որն էլ պարտավորություն է վերցրել, որ Թոքաբանության ազգային կենտրոնի հիվանդների դիահերձումն անվճար կկազմակերպի:

Սկզբում դուրս եկավ սկաֆանդրով հագնված մասնագետ, ով կանչում էր հերթական մարդուն, որ գա՝ հարազատին ճանաչի: Նրա շորի վրա արյան հետքեր են. առաջին շոկը դա էր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Անահիտ Հարությունյանի խոսքով՝ երբ ներս է մտնում, հասկանում է, որ գետնին սև տոպրակներով մարդկանց մարմիններ են դրված. «Տարբեր բարձրության վրա սև տոպրակներով դիակներ էին դրված: Ես հասկացա, որ չորս կողմս մահացած մարդիկ են, խառնվեցի իրար: Հետո երբ ինձ ցույց տվեցին եղբորս դին, ես հասկացա, որ ոտքերիս տակ դրված տոպրակում իմ եղբայրն է, որին պետք է ճանաչեմ:

Մյուս շոկը, որ շատ ուժեղ էր իմ համար՝ նույնիսկ բերանը չէին փակել: Դուք համարում եք, որ կորոնավիրուսով հիվանդ մարդը այնքա՜ն վտանգավոր է ձեզ համար, որ շլանգը հանելուց հետո բերանը չեք փակել, գլուխը չեք ուղղել, որ, երբ հարազատը գալիս է՝ նորմալ տեսնի իր հարազատի՞ն: Այսինքն՝ ինքը ոնց մահացել էր՝ այդ նույն դիրքում էլ մնացել էր:

Երբ գլուխս թեքեցի, մի պահ ուզում էի մտածել, որ եղբայրս չէ, միգուցե վերջին հույսս էր, որ սխալվել եմ: Քթից արնանման հեղուկ էր գալիս այդ պահին, ինքը ասաց՝ վայ, կներեք. կռացավ՝ մաքրեց, բամբակը գցեց, առանց ձեռնոցը փոխելու՝ նույն ձեռքով ինձ տվեց գրիչ, ասաց՝ ստորագրեք, որ ճանաչեցիք: Ես էլ էի ձեռնոցով: Ընդ որում՝ ես ընդամենը ձեռնոցով էի և դիմակով:

Եթե ասում են, որ դա այն վտանգավորությունն ունի, որ չեք դիահերձում, քանի որ դիահերձումը շատ բան կարող էր ասել բուժող բժիշկներին, որպեսզի իրենք ճիշտ կազմակերպեն բուժումը, ոչ թե՝ քոռ-քոռ բուժեն, ապա ինչո՞ւ գոնե բախիլներ չտվեցին»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Կիսվել էջում