Մամուլ

«Ես բազմավաստակ մանկավարժ եմ, չէի ուզենա, որ այդ ձեւով ինձ հետ վարվեին». թիվ 114 հիմնական դպրոցի տնօրեն. «Հրապարակ»

«Ես բազմավաստակ մանկավարժ եմ, չէի ուզենա, որ այդ ձեւով ինձ հետ վարվեին». թիվ 114 հիմնական դպրոցի տնօրեն

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 25-ին Երեւանի թիվ 114 հիմնական դպրոցի մի խումբ շրջանավարտների՝ երկարամյա տնօրեն Ռուզաննա Կոստանյանին մատուցած անակնկալն այսօր գլխացավանք է դարձել նրա համար։

Երեխաներն ավարտական վկայականները ստանալու ժամանակ թխվածքով ու երաժշտությամբ ինքնաբուխ մտել են տնօրենի աշխատասենյակ՝ փորձելով այդպիսով իրենց երախտիքն արտահայտել սիրելի տնօրենին՝ համատեղ 12-ամյա ճանապարհ անցնելու համար։

Փոքրիկ ուրախության այդ տեսանյութը, «հակահամաճարակային կանոնների խախտման» շրջանակում, հայտնվել է վարչապետի էջում, դարձել քննարկման առարկա, եւ կրթության նախարարությունից որոշել են, որ թույլ տված «հանցանքի» համար Ռուզաննա Կոստանյանը պետք է ազատման դիմում գրի։

«Ինձ հանրակրթության վարչության պետն է զանգահարել, հարցրել՝ եղե՞լ է նման դեպք, թե՞ չէ, ես ասել եմ՝ այո, որն ինքնաբուխ է եղել։ Մենք այդ օրն ունեցել ենք 6 հատ 12-րդ դասարան, բոլորը եկել են՝ առանց ծնողների, ու այդ մի դասարանը, որը, անկեղծ եմ ասում, չնախատեսված էր, քանզի, եթե նախատեսված լիներ, բոլորի համար կլիներ, եւ այդ մի դասարանի աշակերտները ներս մտան երաժշտությամբ, ինձ բերեցին մեջտեղ, եւ 1-2 րոպե է երեւի տեւել՝ պարեցի, հետո 2-3 նախադասությամբ ասացի՝ իմ շատ սիրելի աշակերտներ, որեւէ բան չի պատահել, ոչինչ, որ վերջին զանգ չեք ունենա, կարեւորը՝ դուք առողջ եղեք, մեր ժողովուրդը մեծ փորձություններ է անցկացրել, սա էլ կանցկացնենք։

Ու խնդրեցի, որ դուրս գան, երկուական մոտենան, ատեստատները ստորագրեն, ստանան ու գնան։ Այդպես էլ եղավ»,-մեզ հետ զրույցում հուզված պատմեց տիկին Կոստանյանը, որը 1997 թվականից ղեկավարում է թիվ 114 դպրոցը։ Ի դեպ, սա մայրաքաղաքի ամենալավ դպրոցներից է՝ ամենաշատ աշակերտներ ունեցող, ամենալավ նորոգված, եւ ցանկացած մեկի համար այս դպրոցի տնօրենի պաշտոնը երանելի պաշտոն է։

– Իրենք բերեցին խմորեղեն, ծաղիկներով ներս մտան եւ մի բլյուդով միրգ դրեցին սեղանին։ Հետո արդեն, երբ իրենք դուրս եկան, ես դասղեկին ասացի՝ խնդրում եմ, երեխաներին պահեք, թող իրենք օգտվեն։ Մենք չենք նախապատրաստել ոչ մի բան, հավատացեք, խնդրում եմ, անակնկալ է եղել, այդ րոպեին ես նույնիսկ չէի պատկերացնի, թե ինչ կարող եմ անել, չէի կարող ասել՝ դուրս եկեք։

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվել նյութով