Մամուլ

«Ես առհասարակ հեռու եմ խմիչքից». Առուշ Առուշանյանը` միջադեպի մասին

Այսօր տեղեկություն տարածվեց, որ Պարեկային ծառայության աշխատակիցները Երևան քաղաքում կանգնեցրել են օրերս քննարկման առարկա դարձած 000 OO 00 թանկարժեք համարանիշներով «Յաշիկը» (Mercedes G63), որի ղեկին եղել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

Պարեկները ստուգել են նրա խմածության աստիճանը, և պարզվել է, որ Առուշանյանի մոտ արձանագրվել է խմածության ամենաբարձր աստիճան։ Դրանից հետո Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ, իսկ Առուշ Առուշանյանը մեկ տարով զրկվել է վարորդական իրավունքից։ 

Թեմայի շուրջ Mediahub-ը զրուցեց Առուշ Առուշանյանի հետ։ Նա նախ զարմացավ, թե ինչու է մեր ազգը մի քանի օր քննարկում իր մեքենայի թանկարժեք համարների հարցը։ 

«Մեր երկրում մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ մեր քույրեր և եղբայրներ էսօր անտուն են, մենք՝ բոլորս, փոխանակ էսօր միասնական փորձենք մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծենք, ամբողջ մեդիադաշտը կարծես մենակ մի հատ մեքենայի զրոներով համարանիշից է խոսում ու քննարկում։ Ես ուզում եմ հասկանալ՝ մեր երկրում ուրիշ խնդիր էլ չունե՞նք, որ մեր կյանքի որակը ուզենանք փոխել, մենակ զրոներ ենք դիսկուրս անում ամբողջ դաշտում»,-ասաց Առուշանյանը։

 -Զրոները քննարկում են նրա համար, որ մարդիկ տեսնում են՝ կան պաշտոնյաներ, որոնք զրոներով համարներով են փորձում իրենց կյանքի որակը փոխել։ Բայց դա մի օր քննարկեցին, անցան։ Հաջորդը քննարկման թեմա է դարձել այն, որ գրեցին՝ Գորիսի քաղաքապետը խմած մեքենա է վարել, ու նրան մեկ տարով զրկել են վարորդական իրավունքից։ Այդ մասով ի՞նչ կասեք, Դուք խմա՞ծ եք եղել և ինչո՞ւ եք խմած վարել, ինչո՞ւ են Ձեզ զրկել։

 -Ես առհասարակ հեռու եմ խմիչքից, որովհետև ամբողջ կյանքս զբաղվել եմ սպորտով՝ բռնցքամարտով, և որպես կանոն՝ խմիչքից շատ հեռու եմ։ Թե ինչու են զրկել, փաստաբանները բողոքարկել են, խնդրի լուծումը, երբ որ օրենքի դաշտում պարզ կլինի, բոլորիդ էլ հայտնի կլինի։ 

-Բայց ստուգե՞լ են Ձեր խմածության աստիճանը, խմած եղե՞լ եք, ոգելից խմիչք օգտագործած եղե՞լ եք։ 

– Ձեր հարցին պատասխանեցի՝ ես տարիներով կարող է խմիչք չօգտագործեմ առհասարակ, ես ամեն օր աշխատանքից հետո, որպես կանոն, զբաղվում եմ բռցնքամարտով։ 

-Ստացվում է՝ Ձեր գլխին սարքե՞լ են պարեկները։ 

-Ես Ձեզ նման բան չասացի, որ իմ գլխին ինչ-որ մի բան սարքել են, ոչ էլ կարան իմ գլխին ինչ-որ մի բան սարքեն։ Ասացի՝ կա խնդիր, որով փաստաբանները զբաղվում են։ Երբ ամբողջական տվյալ լինի, Դուք օրենքի սահմաններում կտեղեկանաք։ 

-Այսինքն՝ պնդո՞ւմ եք, որ Դուք խմած չեք եղել այդ պահին։ 

-(երկար մտածելուց հետո) Խմած՝ հիմա հարաբերական հարց եք տալիս։ Հիմա ես խմածը կարամ այլ ռակուրսից դիտարկեմ՝ շա՞տ խմած, թե՞ քիչ խմած։ Ձեր հարցին պատասխանեցի, որ առհասարակ, սովորաբար չեմ խմում։ Որպես կանոն՝ ես խմիչքից շատ հեռու եմ, որովհետև զբաղվում եմ սպորտով։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում