Շոու-բիզնես

«Եթե Քադիրովը ձայնակցում է, ուրեմն՝ այն հիթ է դարձել Չեչնիայում»․Ռոզա Ֆիլբերգը՝ «Примавера» երգին Չեչնիայի ղեկավարի արձագանքի մասին

«Եթե Քադիրովը ձայնակցում է, ուրեմն՝ այն հիթ է դարձել Չեչնիայում»․Ռոզա Ֆիլբերգը՝ «Примавера» երգին Չեչնիայի ղեկավարի արձագանքի մասին

Օրերս համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երգչուհի Ռոզա Ֆիլբերգի «Примавера» ստեղծագործությունը կատարում է Չեչնիայի ժողովրդական արտիստուհի Այնա Գետագազովան, մի պահ նրան ձայնակցում է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը։

Ռոզա Ֆիլբերգը Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ իր համար տեսանյութը որքան հաճելի, նույնքան էլ անհանգստացնող էր։ Խնդիրն այն է, որ իր երգը կատարել են առանց հեղինակային իրավունքները պահպանելու։  

«Այդ տեսանյութն ինձ ուղարկել է իմ ֆան ակումբի էջը։ Երբ Նիկ Էգիբյանի հետ այդ երգը ստեղծում էինք, ինձ համար կանխատեսելի էր, որ այն իր ռիթմով շատերին կգրավի։ Ես ուրախ եմ, որ իմ երգերն արտերկրում ևս հայտնի են, այնտեղ էլ են կատարում, է՛լ ավելի հաճելի է, երբ ղեկավարն է ձայնակցում։

Եթե իմ երգին ձայնակցում է Ռամզան Քադիրովը, ուրեմն՝ այն հիթ է դարձել Չեչնիայում։ Սակայն ես չէի պատկերացնում, որ Չեչնիայի ժողովրդական արտիստուհին կվերցնի իմ երգը, բառեր կավելացնի ու կկատարի այնպես, ասես դա իր երգն է։ Ինքը բառերի ավելացումներ է արել, սակայն դա իմ երգն է»,-ասաց Ռոզան։

Երգչուհին առայժմ չգիտի՝ կդիմի՞ հեղինակային իրավունքի վերականգնման համար, թե՞ ոչ։

«Չեչնիայի տեսանյութը հայտնի դարձավ, քանի որ այն նախագահ Ռամզան Քադիրովի մասնակցությամբ էր։ Առհասարակ, հաճախ է լինում, երբ ինձ տեսանյութեր են ուղարկում, որտեղ ինչ-որ մեկը կատարում է իմ երգն առանց հեղինակային իրավունքները պահպանելու։

Այսինքն՝ երգում են, բայց որևէ տեղ չի նշվում, որ տվյալ ստեղծագործությունը հայ երգչուհի Ռոզա Ֆիլբերգինն է, իրենք cover են արել։  

Առայժմ ինքս էլ չգիտեմ` հեղինակային իրավունքների հետ կապված որևէ քայլ կձեռնարկե՞մ, թե՞ ոչ»,-ասաց երգչուհին։

Աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով