Մամուլ

«Եթե իմ երեխու սպանությունը չբացահայտեն, իմ վրեժը կլուծեմ». Վարդենիսում սպանված տղայի հայրը սպառնում է

«Եթե իմ երեխու սպանությունը չբացահայտեն, իմ վրեժը կլուծեմ». Վարդենիսում սպանված տղայի հայրը սպառնում է

ArmLur.am-ը գրում է․ Վարդենիսում 25-ամյա Թորգոմ Հարությունյանի սպանության առեղծվածը շարունակում է մնալ իրավապահների կոկորդին: Անցել է մեկ ամիս եւ մինչ օրս իրավապահները չեն կարողանում բացահայտել երիտասարդ տղայի դաժան սպանությունը։ Նկատվում է, որ բացահայտման ուղղությամբ իրավապահների քայլերն իրականացվում են շատ դեպքերում ուշացած:

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն, իրավապահները դեպքից հետո բավականին ուշացումով են առգրավել այն տեսախցիկները, որոնք կարող էին օգնել բացահայտել սպանությունը: Ասել է, թե տաք հետքերով չեն գնացել:

Մեզ հետ զրույցում սպանված Թորգոմ Հարությունյանի հայրը՝ Միխայիլ Հարությունյանը ասաց, որ որդու սպանության գործով ոչինչ չեն անում .«Իմ երեխային սպանել են, իբր քննություն են իրականացնում, ոչինչ էլ չեն անում եւ մինչ օրս բացահայտված չէ սպանությունը: Ես իրավապահներին կոնկրետ անձանց անուններ եմ տվել, կոնկրետ ասել եմ. թե ես ում եմ կասկածում, բայց ոչինչ էլ չեն անում:

Կոչով դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բոլոր ուժային կառույցներին, եթե իմ երեխու դեպքը չբացահայտեն, ես կգնամ իմ վրեժը կլուծեմ, թող իմանան կոնկրետ քայլեր անեն, իմ երեխու սպանությունը բացահայտեն, թե չէ ես հրապարակավ հայտարարում եմ իմ վրեժը կլուծեմ նրանից ում կասկածում եմ իմ որդու սպանության մեջ»:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ի գիշերը Վարդենիս քաղաքում կրակոցներ էին հնչել. հնչել էին 18 կրակոց, որից 9-ը կպել էին 25-ամյա Թորգոմ Հարությունյանին։ Նշենք, որ 18 կրակոցից երկուսը մահացու էր եղել երիտասարդի համար , որը Վարդենիսի հոսպիտալում երկար պայքարել էր կյանքի համար, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը:

Հավելենք, որ սպորտսմեն Թորգոմ Հարությունյանը 3 տարի առաջ էր քրեակատարողական հիմնարկից դուրս եկել ու, ըստ ամենայնի, որոշ անձանց հետ հարց ու պատասխաններ է ունեցել։ Թե կոնկրետ ում հետ, ինչ խնդիր է ունեցել, եւ ով կարող էր սպանությունն իրականացնել, իրավապահները 1 ամիս է` դեռ պարզում են։

Կիսվել էջում