Մամուլ

Եթե անգամ դատարանը որոշի Ծառուկյանին քառատել, կախաղան հանել, մարդկանց դա այլեւս չի հետաքրքրի. «Իրատես»

Եթե անգամ դատարանը որոշի Ծառուկյանին քառատել, կախաղան հանել, մարդկանց դա այլեւս չի հետաքրքրի

«Իրատես» թերթը գրում է. «Որքան էլ Գագիկ Ծառուկյանի աջակիցները պնդեն, թե ԲՀԿ խմբակցության ղեկավարի դեմ իրականացվող գործընթացները միմիայն քաղաքական հետապնդում են, իսկ իշխանության ներկայացուցիչներն էլ կաշվից դուրս գան համոզելու, թե այդ ամենն իրավական հարթությունում է, միեւնույն է, հասարակությունը երկու կողմի փաստարկներին էլ թերհավատությամբ է մոտենալու, որովհետեւ երկու կողմում էլ ազնվության պակաս կա։

Սակայն իշխանություն-ընդդիմություն այս բանավեճը թողնենք նրանց, ընդամենն արձանագրենք, որ Ծառուկյանի շուրջ թեժացնելով մթնոլորտը, հանրությանն էական խնդիրներից շեղելու իշխանության հաշվարկները սխալ են։ Արդեն վաղուց անցել է այն ժամանակը, երբ աղմկահարույց գործերով մարդկանց հնարավոր է մոռացնել, թե ինչ է կատարվում մեր երկրում, ինչ վիճակում է տնտեսությունը, արտաքին հարաբերությունները եւ ի վերջո, ո՞վ է պատասխանատու վիրուսի դեմ պայքարը տապալելու համար։

Եթե անգամ դատարանը որոշի Ծառուկյանին քառատել, կախաղան հանել, մարդկանց դա այլեւս չի հետաքրքրի, որովհետեւ այսօր բոլորին հուզում են սեփական առողջությունը եւ վաղը հաց չունենալու տխուր հեռանկարը։ Եթե մինչեւ հաջորդ ընտրություն էլ արտակարգ դրություն հայտարարեն ու չտուգանվելու համար անգամ պահանջեն անուն-ազգանունը, անձնագրի սերիան, արյան խումբը դաջել ճակատին, կասկած չկա, որ մարդիկ իրենց խնդիրների փնջով դուրս են գալու փողոց։

Բողոքի օջախներն անխուսափելի են, որովհետեւ տնտեսական վիճակն օր օրի ավելի է վատանում, մարդիկ աշխատանքից զրկվել են կամ ամեն վայրկյան սպասում են այդ լուրին։ Դրսից տրանսֆերտների, ներսում նոր աշխատատեղերի ոչ մի ակնկալիք չկա։ Փոխարենն օրվա իշխանությունն օրական մի քաղաքական ֆարս է բեմադրում ու համավարակի օրերին զբաղված է քաղաքական խրախճանքով։

Հավանաբար միայն Հայաստանում է հնարավոր վարակակիրների ու մահերի թվով նման ռեկորդ սահմանել, ու հընթացս իշխանության գլուխը զբաղված լինի քաղաքական «ռազբորկաներով» (էլ չենք խոսում ծխախոտի մաքսանենգության, ադամանդի, զենքի վաճառքից ու մետաղի ջարդոնից միլիարդներ դիզելու բարձրաձայնումների մասին)։

Գոնե այս իշխանությունը հասկանու՞մ է, որ մի քանի ամիս հետո քաղաքացիները, ավելի ճիշտ, երեք միլիոն վարչապետերը հավաքվելու են կառավարության շենքի առաջ ու հարցնեն ոչ թե Ծառուկյանին կալանավորելու, Քոչարյանին բանտում պահելու, ՀՀԿ-ին հազարերորդ անգամ մերժելու, կուսակցությունների գործունեությունն արգելելու մասին, այլ շատ ավելի պարզ մի բան՝ ինչու՞ են նրանք վատ ապրում, ինչպե՞ս եղավ, որ Փաշինյանը, լինելով 3 մլն վարչապետերից մեկը, 100 հազար անգամ ավելի լավ է ապրում, ինչպես ռուսը կասեր՝ шикует «за счет народа, а массы бедствуют безбожно»։

ՈՒ գուցե նաեւ փորձեն կառավարության, իմա՝ սեփական դուռն ու պատուհանն էլ ջարդել։ Չնայած եթե արտակարգ դրության պայմաններում բողոքի փոքր ակցիաների համար իշխանությունը հարյուրից ավելի ոստիկաններով պատեր էր կազմել, պատկերացնու՞մ եք, ինչ ցայտնոտի մեջ կհայտնվի, երբ մեծ բազմություն հավաքվի։ Այս ամենի մեջ հաստատ չի մոռացվելու նաեւ վիրուսի դեմ պայքարի աշխատանքների ձախողումը։

Եթե ոչ այսօր, վաղը հաստատ նոր իշխանությունը ԱԺ-ում քննիչ հանձնաժողովներ է ստեղծելու եւ վերլուծելու, թե իրականում ինչով էր զբաղված Հայաստանի իշխանությունն այս օրերին։ Այնպես որ, գուցե եւ Փաշինյանն ու իր քայլարածներն այսօր խուսափեն պատասխանատվությունից, բայց վաղը պատմությանն ի՞նչ են ասելու ու թողնելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել նյութով