Մամուլ

Դպրոցի տնօրենների քննություններից 144 հոգի անբավարար է ստացել

Դպրոցի տնօրենների քննություններից 144 հոգի անբավարար է ստացել: Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ կրթության եւ գիտության, իսկ այժմ նաեւ սպորտի եւ մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը հրաման ստորագրեց, որով հաստատվում էր դպրոցների տնօրենների՝ հավաստագիր ստանալու կարգը։

Ըստ դրա՝ հավակնորդը պետք է վերապատրաստման դասընթաց անցնի, ապա թեստ եւ հարցազրույց հանձնի եւ նոր միայն 5 տարի ժամկետով ստանա դպրոց ղեկավարելու եւ դպրոցի տնօրենների մրցույթների մասնակցելու իրավունք։ Դպրոցների տնօրենների լիցենզավորումն անցկացվում է 2011 թվականից, երբ կրթության նախարարն էր Արմեն Աշոտյանը։

Նախկինում 7 անդամից բաղկացած հանձնաժողովի նախագահ էին նշանակվում գիտության, կրթության ոլորտում մեծ փորձառություն ունեցող մասնագետներ՝ Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն, պրոֆեսորներ, դոկտորներ։ Հավաստագրման քննական հանձնաժողովի նախագահ է եղել մանկավարժական գիտությունների դոկտոր Մանուկ Մկրտչյանը։

Համարվում էր, որ պատկառելի ստաժ ունեցող մանկավարժներին, 20-30 տարվա դպրոցի տնօրեններին պետք է առնվազն համարժեք փորձառություն ունեցող մասնագետները կրթօջախ ղեկավարելու իրավունք տան, եւ հանձնաժողովի հեղինակության խնդիրը պետք է ապահովված լինի։

Այն պետք է կազմված լինի ոչ թե հնչեղ պաշտոններ, այլ մասնագիտական քննություն անցկացնելու ունակություններ ունեցող անձանցից։ Նոր ժամանակներում չափանիշները փոխվել են։ Այս տարի դպրոցի տնօրեն աշխատելու իրավունք տվող հանձնաժողովի նախագահ է հիմնականում եղել կրթնախի տեղակալ Լուսինե Առաքելյանը, որն ընդամենը 2 տարի է դպրոցում աշխատել։

2008-2010թթ. նա Գյումրու թիվ 3 ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհին է եղել։ Լավ մայրիկ է, եւ նրա ֆեյսբուքյան պատը հիմնականում զբաղեցնում են սիրելի դստրիկի հետ ժամանցի լուսանկարները։ Սոցցանցի իր բաժանորդներին նա հաճախ երկար-բարակ պատմություններ է անում իր եւ ուսուցիչների հետ հանդիպումներից, կարծես, մանկավարժները նրա համար մի անհայտ մոլորակ լինեն։

Արայիկ Հարությունյանի հրամանի համաձայն՝ հավաստագրման քննություններ կարող են անցկացվել առնվազն տարին մեկ։ Կոռուպցիոն ռիսկերը չեզոքացնելու նպատակով հավաստագրման հանձնաժողովի կազմը յուրաքանչյուր քննությունից առաջ փոփոխվում է։

Վերջին երկու ամիսներին անցկացված դպրոցի տնօրենների հավաստագրման քննությունների թեմայով զրուցեցինք ՀՀ կրթության եւ գիտության, իսկ այժմ նաեւ սպորտի եւ մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի խորհրդական Գոհար Մամիկոնյանի հետ։

«Քննություններն ավարտվել են, բայց այս տարվա ավարտին դեռ 4 ամիս կա, եւ չենք կարող ասել, որ այլեւս քննություն չի լինի։ Ավարտվել է հավաստագրման քննությունների այս փուլը,- ասաց նա «Հրապարակին»,- ամեն օրվա վերջում ճիշտ պատասխանների նվազագույն՝ 75 տոկոսի շեմը հաղթահարած անձանց անունները հրապարակվել են։

Հանձնաժողովի անդամները գնահատման թերթիկներ են ունեցել, եւ յուրաքանչյուր մասնակցի ամեն հարցի պատասխանից հետո «երկուս», «մեկ» կամ «զրո» են նշանակել մասնակիցներին։ Լիարժեք պատասխանը գնահատվել է երկու բալ, թերին՝ մեկ, իսկ սխալը՝ զրո։ Հարցատոմսերի մեջ էլ եղել է 5 հարց։ Կտրվել են նրանք, ովքեր լիարժեք չեն պատասխանել գոնե 4 հարցի»։ Անցյալ տարի հավաստագրման քննությունների 199 մասնակիցներից 54-ը չկարողացավ լիցենզիա ստանալ։

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

Կիսվել նյութով