Մամուլ

Դպրոցի ավարտական քննություններն այսուհետ կլինեն միասնական և դրանք կվերահսկի ԳԹԿ-ն

Դպրոցների ավարտական քննություններն այսուհետ չեն անցկացվի առանց լուրջ վերահսկողության, գնահատականներ շռայլելով կամ գիտելիքի անհրաժեշտ ստուգում չապահովելով:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն Արմավիրի մարզում այսօր մեկնարկած օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ դպրոցների ղեկավարներին տեղեկացրեց, որ այդ քննությունները նույնպես լինելու են միասնական, թեպետ առայժմ խոսեց թեականով (նշենք, որ ավատական քննություններ անցկացվում են 9-րդ եւ 12-րդ դասարաններում):

«Շատ մեծ է հավանականությունը, որ բոլոր ավարտական քննություններն այսուհետ լինելու են միասնական, եւ դրանք դպրոցներում չեն անցկացվելու: Ես նախորդ տարի գնացել էի մի քանի ավարտական քննության, եւ այն տնայնավարությունը, որ կար այդ քննությունների ժամանակ, համարում եմ անթույլատրելի: Մենք կարծում ենք, որ այսկերպ ավարտական քննություններ անցկացնելը ամենեւին չի արտացոլում աշակերտների իրական գիտելիքները: Ես ձեզ խնդրում եմ, որ բոլոր աշակերտներին, հատկապես ավարտական դասարանների, տեղեկացնեք սրա մասին, որպեսզի մայիսին նրանք փաստի առաջ չկանգնեն եւ ամենեւին հույս չունենան, որ տիկին Պողոսյանը, պարոն Պետրոսյանը նախկինի պես հնարավորություն են ունենալու ավարտական քննությունների ժամանակ իրենց օգնելու: Նրանք պետք է ինքնուրույն հանձնեն իրենց քննությունները»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ սովորողների գիտելիքի իրական պատկերը հնարավորություն կտա գնահատել դպրոցի աշխատանքը, իսկ ցածր արդյունքի դեպքում առաջ կգա պատասխանատվության հարց:

«Հետագայում մենք x դպրոցի, y դպրոցի արդյունքները դնելով սեղանին, այդ դպրոցների ղեկավարությանը հարցնելու ենք, թե ինչու է միջին գնահատականները, օրինակ, մաթեմատիկա առարկայից այսքան ցածր, եւ մենք այսուհետ պատասխանի ենք կանչելու դպրոցի ղեկավարությանը ոչ միայն տնտեսական եւ կազմակերպչական հարցերի ժամանակ, այլ նաեւ արդյունքների: Սա կխթանի, որ այսուհետեւ որոշ դպրոցներում տնօրենները, դիցուք, մաթեմատիկայի ուսուցիչ ընդունեն ոչ թե վատ առաջադիմություն ունեցած եւ վատ գնահատականներով իրենց բարեկամին, հարեւանին կամ ազգականին, այլ լավ մասնագետի, որովհետեւ լավ մասնագետ պետք է ունենալ, որպեսզի արդյունքներն էլ լինեն համապատասխան: Սա շատ կարեւոր որոշում է մեզ համար: Արդյունքի համար այսուհետ դպրոցի ղեկավարությունը պետք է պատասխանատու լինի»,- հավելեց նախարարը:

Այս հայտարարությունից հետո դահլիճում անհանգստության ալիք բարձրացավ եւ դժգոհության արագորեն տարածվող շշուկներ լսվեցին: Անհամաձայնության մասին բարձրաձայնեց Այգեկ համայնքի դպրոցի տնօրեն Ռուզաննա Արիստակեսյանը: Ի թիվս համակարգում առկա այլ խնդիրների, որոնք նա մատնացույց արեց, ասաց նաեւ, թե թույլ սովորող աշակերտին պարտադրում ենք 12-ամյա կրթություն, պահանջում ենք նստել ուժեղ աշակերտի հետ, եւ նա «քնում» է դասի ժամանակ: «Դրանից հետո մի հատ էլ եք մահակ իջեցնում դպրոցի գլխին՝ եթե այդ երեխան, որ ստիպելով բերել ենք դպրոց, վերջում արդյունք ցույց չտա, տնօրեն, ուսուցիչ պիտի պատասխան տան: Ինչի՞ համար: Չե՞ն ուզում, մի բերեք, դպրոց»,- հայտարարեց Ռուզաննա Արիստակեսյանը:

Արայիկ Հարությունյանը հիշեցրեց կամ չիմացողներին տեղեկացրեց, որ ավագ դպրոց հաճախել չցանկացող երեխաները կարող են սովորել նախնական կրթության եւ միջին մասնագիտական հաստատություններում եւ ձեռք բերել այն մասնագիտությունը, որը ցանկանում են, այդ թվում՝ տնօրենի նշած ոսկերչությունը:

«Եվ ես կարծում եմ, որ աշխարհում չկա չսովորող աշակերտ, կա պարզապես չբացահայտված եւ կա նրա մոտ հետաքրքրություն չառաջացնող ուսուցիչ: Ինչ վերաբերում է մահակ ճոճելուն, եթե շատ ուշադիր լսեիք իմ խոսքը, ես միշտ նշում էի՝ որոշ տնօրեններ եւ որոշ ուսուցիչներ: Իմ խոսքում հատուկ շեշտեցի, որ իրենց գործը սիրող, պարտաճանաչ, բանիմաց ուսուցիչներն ու տնօրենները իմ գործընկերներն են, խնդրում եմ նրանց ինձանից չզատել եւ ես որեւէ մեկի գլխին մահակ չեմ ճոճում: Այսուհետ բոլորը պետք է աշխատեն օրենքի սահմաններում, այդ թվում նախկինում որոշ քաղաքական ուժերի շահերը սպասարկողները»,- Այգեկի դպրոցի տնօրենին արձագանքելով՝ ասաց ԿԳ նախարարը:

Հանդիպման ավարտին նրանից հետաքրքրվեցինք, թե նոր կարգով ավարտական քննություններ անցկացնելիս արդյոք տեխնիկական խնդիրներ չե՞ն առաջանա: Հայտնի է, որ գոյություն ունեցող քննական կենտրոնները նախատեսված են մի քանի հազար դիմորդների համար, այնինչ ավարտական քննություն հանձնողների թիվը մի քանի տասնյակ հազար է լինելու, քննակենտրոններում նոր տեսախցիկներ, մոնիտորներ տեղադրելու եւ այլ հարցեր պետք է առաջանան: «Շատ կենտրոններ ստեղծելու կարիք չի լինի, պարզապես ԳԹԿ-ի աշխատանքը կավելանա, բայց դա դեռ պետք է իրենց հետ էլ քննարկենք, ամենամեծ մտահոգությունը, որ մասնագետները հայտնեցին այն էր, որ աշակերտների մի հատված կարող է չավարտել դպրոցը: Բայց մենք ուզում ենք փոփոխության մասին հայտարարել սեպտեմբերից (տեսնենք՝ կարո՞ղ ենք տեխնիկապես էլ լուծել այդ հարցը), որ բոլորը պատրաստ լինեն եւ անակնկալի չգան»,- պատասխանեց Արայիկ Հարությունյանը:

Նախարարը մանրամասնեց, որ հնարավոր է նաեւ նոր քննական կենտրոն չձեւավորվի, եւ ԳԹԿ մասնագետները քննությունների ընթացքին հետեւեն հենց տվյալ դպրոցում:

Հ.Գ. ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին հորդորեց տեր կանգնել իրենց իրավունքներին, վարչությունների պետերին չդիտարկել որպես ղեկավարների, որոնք պետք է ինչ-որ բան թույլ տան կամ արգելեն: Ասաց, որ նրանք ուղղակի տնօրեններին աջակցող պետք է լինեն: «Խնդրում եմ, եւս մեկ անգամ վերցրեք ու կարդացեք ձեզ առնչվող օրենքներն ու իրավական կարգվորումները եւ այնտեղ կգտնեք լայն ինքնավարության հնարավորություն: Ազատություն ձեռք բերեք մարզպետարաններից»,- տնօրեններին դիմեց Արայիկ Հարությունյանը:

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել էջում