ԱշխարհՔաղաքականություն

«Դու սկզբից քո ուղեղը ստուգիր». Էրդողանը վիրավորել է Մակրոնին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վիրավորել է Մակրոնին։ Նա մի շարք վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Ֆրանսիայի նախագահի հասցեին` մեկնաբանելով նրա` «ՆԱՏՕ-ի ուղեղը մահացել է» հայտարարությունը: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Բացի վերոնշյալ հայտարարությունից, Մակրոնը նշել էր նաև, որ Թուրքիան այլևս չի կարող հույս դնել ՆԱՏՕ-ի օգնության վրա Սիրիայում իրականացրած ռազմական գործողությունից հետո, որը սպառնում է հակաահաբեկչական կոալիցիային:

«Չգիտեմ ՆԱՏՕ-ի համար Ֆրանսիան ինչ նշանակություն ունի, բայց Թուրքիան ՆԱՏՕ-ի համար շատ կարևոր երկիր է: Հարգելի Մակրոն, դու սկզբից քո ուղեղը ստուգիր, որովհետև այդպիսի հայտարարությունները վայել են այնպիսի մարդկանց, որոնց ուղեղը քո ուղեղի նման մահացած է»,- հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի նախագահին մեղադրել է Մերձավոր Արևելքի խնդիրները չհասկանալու մեջ և ոչ միայն։

Էրդողանը նշել է, որ Մակրոնն ահաբեկչության դեմ պայքարի փորձ չունի, դրա համար էլ «դեղին բաճկոնները օկուպացրել են նրա երկիրը»:

«Քո ի՞նչ գործն է Թուրքիային հեռացնել կամ չհեռացնելը ՆԱՏՕ-ից: Դո՞ւ ես այդպիսի որոշումներ կայացնում»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանն ավելացրել է նաև, որ Թուրքիայի անվտանգությունը Եվրոպայի անվտանգությունն է:

Հիշեցնենք, որ The Economist-ին տված հարցազրույցում Էմանուել Մակրոնը հարցականի տակ էր դրել ՆԱՏՕ-ի հավատարմությունը հավաքական անվտանգությանը և ասել, որ «ՆԱՏՕ-ի ուղեղը մահացել է»:

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել նյութով