Մամուլ

Դուք ձեր աշխատանքով վաստակած գումարից 25-26%-ը բյուջե եք վճարում

Հարգելիներ, շարունակելով մեր կողմից վճարվող հարկերի թեման, ուզում եմ մի քանի բան ներկայացնել ի գիտություն։ 

Այսպիսով՝ Հայաստանում գործող հարկատեսակներն են․

1․ Եկամտային Հարկ․ այս հարկը վճարում են գրանցված աշխատանք ունեցող մարդիկ, անհատ ձեռնարկատերերը, նոտարները և այլն։ Եկամտային հարկը միջինում 25 – 26% է։ 

Ի՞նչ է սա նշանակում․ դիցուք՝ դուք ընդունվել եք աշխատանքի որևէ կազմակերպությունում և ստանում եք 200․000 դրամ աշխատավարձ։ Գործատուն այս գումարից հանում է միջինում 25-26% և փոխանցում է պետական բյուջե, մնացորդը տալիս է ձեզ։ Այսինքն՝ դուք ձեր աշխատանքով վաստակած գումարից բյուջե եք վճարում 50․000 դրամ։

Հիմա հասկանանք՝ ինչ է լինում մնացած 150․000 դրամի հետ, որը դուք ստացել եք գործատուից։ 

2. Ավելացված Արժեքի Հարկ (ԱԱՀ)․ դուք օգտվում եք մի շարք կոմունալ ծառայություններից՝ էլ․ էներգիա, գազ, ջուր։ Խանութներից գնում եք սնունդ, հագուստ, կենցաղային պարագաներ և այլ ապրանքներ, որոնք հիմնականում վաճառվում են ԱԱՀ-ով, այսինքն արժեքը, որ դուք վճարում եք, ներառում է նաև ԱԱՀ։

Ի՞նչ է սա նշանակում։ Դիցուք՝ ապրանքի արժեքը 1․000 դրամ է, բայց դուք այն գնում եք 1․200 դրամով, որից 200-ը ԱԱՀ-ն է։ Այսինքն բացի այն 50․000 դրամը, որը վճարել եք եկամտային հարկ, դուք ձեր գրեթե ամեն գնումից վճարում եք ևս 20% հարկ ԱԱՀ-ի տեսքով։

Այսքանով հարկերը չեն ավարտվում․ նշվածներից զատ դուք առանձին դեպքերում վճարում եք նաև այ էսքան հարկ՝ 
ա. ակցիզային հարկ, 
բ. բնապահպանական հարկ,
գ. ճանապարհային հարկ,
դ. շրջանառության հարկ,
ե. արտոնագրային հարկ.
զ․ անշարժ գույքի հարկ,
է. փոխադրամիջոցների գույքահարկ։

Նաև դրոշմապիտակների համար ենք վճարում, վճարում ենք տարատեսակ պետական տուրքեր և այլն։ Ստացվում է, որ աշխատավարձից 50% մենք ուղղակի կամ անուղղակի կերպով մուծում ենք բյուջե, բացի դրանից դեռ 2․5% էլ վճարում կուտակային կենսաթոշակի համար։

Այսքանը շատ է, թե քիչ՝ առանձին քննարկման հարց է։ ՀԻՇԵՆՔ, որ պետությունն այդ հարկերի դիմաց ապահովում է (պարտավոր է ապահովել) մեր կյանքում ամենակարևոր հարցերը և կազմակերպում է մեր բնականոն կենսագործունեությունը ՝ անվտանգություն, կրթություն, առողջապահություն, ենթակառուցվածքներ, սոցիալական արդարություն, հավասար հնարավորությունների ապահովում, իրավունքների և ազատությունների իրացում, շրջակա միջավայրի պահպանություն, մշակութային արժեքների պաշտպանություն, աշխատանք և հանգիստ և այսպես շարունակ։ Կատարում է պետությունն իր գործառույթները, թե ոչ՝ սա բոլորովին այլ հարթության մեջ քննարկման հարց է։

Հստակ է մի բան՝ մեր վճարած հարկերից աշխատավարձ են ստանում շուրջ 140․000 մարդ և ևս 100․000 մարդ ուժային կառույցներում։ ՊԱՀԱՆՋԵ՛Ք պետությունից՝ ի դեմ կառավարության, պետական ծառայողների ու աշխատողների, միշտ ՊԱՀԱՆՋԵՔ, հետևողականորեն ՊԱՀԱՆՋԵՔ, որ ապահովեն այն, ինչ պարտավոր են, մենք բոլորս դրա համար բարձր գին ենք վճարում և ոչ միայն հարկերի տեսքով։

Աղբյուր՝ Կորյուն Դավթյանի ֆեյսբուքյան էջ։

Կիսվել նյութով