Մամուլ

«Դուք էդքան կա՞ք, որ էկել եք հորս հետևից»․ Ուրցաձորի նախկին գյուղապետի տղան Նիվայով բախվել է ոստիկանապետի տեղակալի Toyota-ին

«Դուք էդքան կա՞ք, որ էկել եք հորս հետևից»․ Ուրցաձորի նախկին գյուղապետի տղան Նիվայով բախվել է ոստիկանապետի տեղակալի Toyota-ին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում ՎԱԶ 2121 մակնիշի 58 PP 999 համարանիշի ավտոմեքենան Ուրցաձոր գյուղի Տիգրան Մեծի փողոցում՝ Ուրցաձորի գյուղապետարանի և դպրոցի մոտ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Toyota Corolla մակնիշի 040 II 04 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժնի քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ Վահե Միրզոյանի, Վեդու քննչական բաժնի պետ Արթուր Ավետյանի և Վեդու քննչական բաժնի պետի տեղակալ Լևոն Անտանոսյանի գլխավորությամբ։ 

niva rafik andreasyan

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota Corolla-ն հաշվառված է ոստիկանության Արարատի մարզային վարչության հաշվեկշռում և այն սպասարկում է ոստիկանության Արարատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հայկ Ստեփանյանին, իսկ Նիվան վարել է Ուրցաձոր գյուղի նախկին գուղապետ Ռաֆիկ Անդրեասյանի որդին՝ Դավիթ Անդրեասյանը, ով և նրա հետ գտնվող ևս 1 հոգի բերման են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին։

Նիվայում հայտնաբերվել է զենք-զինամթերք։ Տեղի ունեցածը ավտովթար է, թե այլ հանցագործություն, կպարզվի նախաքննության ընթացքում, որը վարում է Արարատի մարզային քննչական վարչությունը։

Երկու ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Լսեցինք, որ վթար է էղել, մեկ էլ էն տեսանք, որ Նիվայի միջից գյուղապետի տղեն դուրս էկավ, հարձակվեց ոստիկանների վրա, թե՝ դուք էդքան կա՞ք, որ էկել եք մեր գյուղ, հերիք չի, մի հատ էլ ուզում եք պապայիս տանեք։ Ձեզ ո՞վ ա թույլատրել հորս հետևից գաք ու էդքան կա՞ք, որ հորս տանեք քաղմաս»։

Ֆոտոլրագրողի հարցին, իսկ գուցե ձեզ թվացե՞լ է, որ նախկին գյուղապետի տղան է եղել, նրանք ասում էին.

«Հո մենք ուղեղից կախ չե՞նք։ Ի՞նչ ա, չե՞նք ճանաչում մեր նախկին գյուղապետի տղուն»։

Կիսվել էջում