Մամուլ

Դարավոր մի հարց լուծվեց Գյումրիում. թվով 18 բնակարան հանձնվեց շահագործման

Դարավոր մի հարց լուծվեց Գյումրիում։ Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում կառուցված սոցիալական բնակարանները  բնակիչներին վիճակահանությամբ են հատկացնում:

Այս տարի թվով 18 բնակարան հանձնվեց շահագործման: Բնակարաններից 3-ը տրամադրվեց նախորդ տարվա վիճակահանությանը մասնակցած, բայց բնակարանի շահառու չդարձած բնակիչներին, 2 բնակարան (1 հատ մեկ սենյականոց և 1 հատ երկու սենյականոց բնակարան) տրամադրվեց Գարեգին Նժդեհի թիվ 7 հասցեի՝ Տեքստիլագործների նախկին հանրակացարանում բնակվող երեք բնակչի: Հանրակացարանի ավերված շենքի բնակիչներին բնակարան հատկացնելով,  ըստ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, նշված շենքը վերջապես ազատագրեցին:

բնակարան հանձնվեց

«Դարավոր մի հարց լուծվեց Գյումրիում: Նժդեհի փողոցի հանրակացարանը վերջապես ազատագրում ենք»,-ասաց  քաղաքապետը՝ ապա տեսնելով, որ հանրակացարանի  բնակիչները ներկա չեն իրենց նոր բնակարանները ստանալու արարողակարգին, աշխատակիցներին դիմեց.

«Էրթայիք, գրկած բերեիք, տնաշեններ, մեկը հիվանդ պառկած է անկողնային, էն երկուսին գնացեք, առեք-բերեք:Մի անգամ տվեցինք բնակարաններ, չհամաձայնեցին, թե ՝ նույն տեղում երկու հարկանի տուն կառուցեք…»:

Ի տարբերություն նախորդ տարվա վիճակահանության՝ այս տարի այն  հանգիստ ընթացավ: Անցյալ տարի քաղաքացիներից ուշագնաց եղան, ոմանք արտասվեցին ուրախությունից, ոմանք էլ՝ հիասթափությունից եւ  տխրությունից:  «Շահառուները նախորդ անգամ շատ էին, լալիս  էին, ուշագնաց լինում»,-մտաբերեց քաղաքապետը՝ դիմելով  հուզված տատիկին. «Մայրիկ ջան, հլը լալու վախտ չէ, հանգիստ նստի….»: Ի  դեպ այս տարի 18-ն բնակարանից 11-ը հանձնվեց բնակչներին, 7-ը մնաց թափուր:

բնակարան հանձնվեց

Մնացյալ բնակարանների բաշխման համար որոշվեց, որ հաջորդ տարվա սկզբին հանձնաժողովը նիստ կգումարի, փոփոխություններ կկատարվեն չափորոշիչներում, որից հետո կտրվի հայտարարություն, կընդունվեն դիմումներ և կիրականացվեն  հետագա գործընթացները:

Նշենք, որ  «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի օգնությամբ Գյումրիում  արդեն  41 սոցիալական բնակարան է կառուցվել։

Ինչպես նշեց հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանը, ծրագիրը կյանքի է կոչվել 3 տարի առաջ: «41 բնակարան՝ ամեն ինչով կահավորված տրամադրում ենք,  հետադարձ կապ ենք  պահում բնակիչների հետ, ջեռուցման  ծախսերն ենք հոգում»,-ավելացրեց նա:

Աղբյուր՝ hraparak.am

Կիսվել նյութով