Մամուլ

Դատարաններում լրագրողների աշխատանքի ազատության առումով առաջընթաց է արձանագրվել

Դատարանը քաղաքացիական հասարակության  կարևորագույն ինստիտուտներից մեկն է: Ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ յուրաքանչյուր ոք արդար և հրապարակային դատական քննության իրավունք ունի:

Չնայած սրա՝ Հայաստանում բազում են դեպքերը, երբ ոտնահարվում են լրագրողների իրավունքները դատական գործընթացներ լուսաբանելիս։ Անհարմար դատական նիստերի դահլիճներից մինչև տեսալուսանկարահանման արգելքներ և քմահաճ դատավորներ․ սրանց դեմ լրագրողները պայքարում են գրեթե ամեն օր։

Ըստ «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության տվյալների՝ 2018 թվականի հունիս-օգոստոս ամիսներին արձանագրվել էր 4, իսկ մարտ-մայիս ամիսներին` 5 դեպք։

Սահմանափակումները հիմնականում եղել են տեսանկարահանման արգելքի տեսքով։

Սակայն սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին դատարաններում լրագրողների աշխատանքի ազատության առումով առաջընթաց է արձանագրել։ Անցած եռամսյակում կազմակերպության մշտադիտարկման խումբը դատական նիստեր լուսաբանող լրագրողների աշխատանքի սահմանափակման ընդամենը մեկ դեպք է արձանագրել։

Կազմակերպության ղեկավար Արման Ղարիբյանը Bavnews.am-ի հետ հարցազրույցում նշեց, որ  այս առաջընթացը պայմանավորված է երկրում փոխված իրավիճակով և քաղաքական գործընթացներով։

«Բացի ներքաղաքական դրությունից, վերջերս Բարձրագույն դատական խորհրդի կողմից ԶԼՄ-ների հետ դատարանների փոխհարաբերության կանոնների մշակման հետ։ Այդ կանոնները խմբագրվել են հասարակական կազմակերպությունների և լրագրողների մասնակցությամբ, սակայն դեռևս պաշտոնապես չեն հաստատվել և ուժի մեջ չեն մտել։ Մեր խնդիրը պետք է լինի հետևողական աշխատանք տանելը և կանոնները օրինական դաշտ մցնելը»։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել էջում