Մամուլ

Դատարանը կալանավորեց Պեմզաշենում 31-ամյա կնոջ և նրա 2 երեխաներին սպանած կասկածյալներից մեկին

Դատարանը կալանավորեց Պեմզաշենում 31-ամյա կնոջ և նրա 2 երեխաներին սպանած կասկածյալներից մեկին

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ նոյեմբերի 14-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ 32-ամյա Վրույր Բարսեղյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Տիգրան Ոսկանյանը մի քանի ժամ դռնփակ դատական նիստն անցկացնելոււց հետո գնացել է խորհրդակցական սենյակ և այսօր՝ ժամը 05։30-ին վերադառնալով խորհրդակցական սենյակից, բավարարել է քննչական վարչության միջնորդությունը և Վրույր Բ․-ն, ով կասկածվում է Պեմզաշեն գյուղում մեկ այլ անձի հետ առանձնակի դաժանությամբ Պեմզաշեն գյուղի բնակիչներ՝ 31-ամյա Զարինե Մ․-ին, նրա 8-ամյա որդուն՝ Սարգիս Մ․-ին և 12-ամյա դստերը՝ Կարինե Մ․-ին սպանելու մեջ, կալանավովել է և դատարանի դահլիճից տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան վայր։

Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ դատավորը մանրակրկիտ ծանոթացել է ներկա պահին քրեական գործում առկա  նյութերին, որից հետո որոշում է կայացրել։ Իսկ նշված զարհուրելի հանցագործությունը բացահայտվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի, ոստիկանության Արթիկի և Անիի բաժինների քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, նույն ծառայության Շիրակի մարզի ազգային անվտանգության ծառայության վարչության ծառայողների, նույն վարչության Արթիկի բաժանմունքի ծառայողների համագործակցված, մեծ ու հսկայածավալ աշխատանքների շնորհիվ։

Մեծ ու հսկայածավալ և բավականին կարևորագույն աշխատանքներ են կատարել նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության փարձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները, ՀՀառողջապահության նախարարության դատաբժշկական կենտրոնի դատաբժիշկները, քանի որ հանցագործությունը բացահայտելու համար անրհարժեշտ էր նաև փորձաքրեագետների ու դատաբժիշկների, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության փորձառու ու իրենց աշխատանքում հարուստ փորձ ունեցած քննիչների խումբը կատարել են բազմակողմանի աշխատանք, ինչը նրանք արել են բավականին մանրակրկիտ ու ֆիքսել են ամեն մի մանրուք։ Երեկ պետք է տեղի ունեանար նաև մյուս կասկածյալի՝ Ա․Բ․-ի խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, սակայն դատական նիստը տեղի չի ունեցել, քանի որ նրա փաստաբանը, ով նախկինում աշխատել է Հատուկ քննչական ծառայությունում, չի եկել դատական նիստին և այն հետաձգվել է ու տեղի է ունենալու այսօր։

Կիսվել նյութով