Մամուլ

Դասընթացների էր գնում, որ բանակում ծառայեր որպես վարորդ. ողբերգական ավտովթարից մահացած վարորդը Հրազդանից էր

Այսօր ողբերգական ավտովթարից մահացած զինծառայողներից մեկը «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, շարքային Էդգար Հունանյանն է:

Նա Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ էր: Մեր զրույցում նրա ընկերը՝ Հարութ Ավետիսյանը, նշեց, որ մի քանի ամսից Էդգարը զորացրվելու էր: Նա երկու քույր ուներ: «Էդգարը Հրազդանում հատուկ դասընթացների էր գնում, որպեսզի բանակում ծառայեր որպես վարորդ: Մայրը մարզպետարանում էր աշխատում, չգիտեմ՝ հիմա աշխատում է, թե՝ ոչ, իսկ հայրը նախկին ոստիկան է, հիմա չի աշխատում»,- պատմեց ընկերը:

Ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում. N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը եւ ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ`Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը եւ Դավիթ Բենիամինի Մելքոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել նյութով