Մամուլ

Դանակահարություն` Երևանի թիվ 119 ավագ դպրոցում

Դանակահարություն` Երևանի թիվ 119 ավագ դպրոցում

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր մարտի 10-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 09։30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 74 հասցեից «աջ սրունքի, ձախ նստատեղի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բժիշկների շտապօգնության թիվ 45 խումբն իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Հայկ Հ.-ն է, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքները ստացել է բակում վայր ընկնելու հետևանքով։

Մինչ բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում նրան, Ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժնի աշխատակիցները պարզել են, որ այսօր ժամը 09։00-ի սահմաններում Երևանի թիվ 119 դպրոցի հարակից տարածքում Հայկ Հ.-ին դանակահարել է Երևանի բնակիչ 18-ամյա Վիգեն Ա.-ն, ով ժամեր անց, ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում, ինքնակամ ներկայացել է Էրեբունու բաժին և հայտնել, որ ինքն է դանակով հարվածել։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Աղբյուրի տեղեկություններով վիրավորն ու նրան դանակահարողը սովորում են Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել նյութով