Մամուլ

Դանակահարություն Գեղարքունիքի մարզում․ մայրը հայտնել էր, որ անչափահաս տղան տանը վայր է ընկել և ստացել վնասվածք

Դանակահարություն Գեղարքունիքի մարզում․ մայրը հայտնել էր, որ անչափահաս տղան տանը վայր է ընկել և ստացել վնասվածք

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ ապրիլի 30-ին, դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 20։40-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի շրջանի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 16-ամյա Ս․Հ․-ն է։ Վերջինիս մայրը հիվանդանոցում, ապա այնտեղ ժամանած ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ երեխան վնասվածքը ստացել է իրենց տանը վայր ընկնելու հետևանքով։ 

Կարճ ժամանակում Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, պարզել են, որ տղայի մայրը ստել է։

Եվ իրականությունն այն է, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում իրենց գյուղի տանը, խոհանոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել վիրավորի և նրա 18-ամյա եղբոր միջև, ով խոհանոցի կահույքի վրայից վերցրել է դանակը պահել աջ ձեռքում և քաշքշուկի ժամանակ մեկ անգամ հարվածել է։

Արդեն դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք՝ դանակը։ 

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Գեղարքունիքի մարզի ավագ դատախազ Մարտոյանը։ 

Կասկածյալը Ոստիկանության Մարտունու բաժնից ներկայացվել է Մարտունու քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել էջում