Մամուլ

Գտնված զինվորներից մեկը ջրանցքից ընկերներին փրկած 10-ամյա Արմենի հայրն է

Գտնված զինվորներից մեկը ջրանցքից ընկերներին փրկած 10-ամյա Արմենի հայրն է

Armtimes.com-ը գրում է․ Մարտի 21-ին անհետացած ու ընդամենը ժամեր առաջ գտնված պայմանագրային երկու զինծառայողներից մեկի՝ Կարեն Շահնազարյանի կինը՝ Ագապին, համացանցից է իմացել, որ ամուսինը կորել է: Իսկ գտնվելու մասին տեղյակ են պահել ամուսնու բարեկամները, որոնք այս ընթացքում հազար ու մի տեղ են դիմել պայմանագրային Շահնազարյանի գտնվելու վայրը ճշտելու համար:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում մի կերպ զսպելով հուզմունքը՝ Ագապին պատմեց, որ վերջին անգամ ամուսնու հետ խոսել էր երեկ’ մարտի 21-ի, վաղ առավոտյան: «Ժամը 7:40-ի սահմաններում էր. զանգեց, կարճ խոսեցինք, ասեց՝ օրը բացվի, կզանգեմ, բայց այդպես էլ չզանգեց: Ասեց, որ ուժեղ բուք է, վատ եղանակ: Մի պոստից մեկ այլ պոստ էր գնացել:

Հետո որ ահագին անցավ, չզանգեց, ես զանգեցի, բայց անհասանելի էր: Չեմ էլ հիշում, թե որ կայքն էր, երեխու նկարով դրել էր ու գրել, որ կորել է, դրանից իմացա: Հետո հեռուստացույցով էլ ամուսնուս ու իր հետ կորած ծառայակցի անունը ասացին՝ Աղասի Հովհաննիսյան: Նա էլ Արագածավանից է, ճանաչում ենք»,- ասաց Ագապին:

karen

Նրա խոսքով՝ ամուսինն ու ծառայակից ընկերը մոտ 34 ժամ դրսում են եղել: Տեղյակ է նաեւ, որ ցրտահարվել են: «10 տարուց ավելի է՝ ծառայում է, երբեւէ որեւէ փորձանքի մեջ չէր ընկել: Երկու պատերազմ տեսավ, ոչինչ չեղավ ու հանկարծ սա»,- զսպելով ուրախության հետ միախառնված լացը՝ նշեց պայմանագրային զինծառայողի կինը:

37-ամյա Կարեն Շահնազարյանը նախկինում Քարվաճառում է ծառայել, տվյալ տարածքը Ադրբեջանին անցնելուց հետո տեղափոխել են Ջերմուկի զորամաս: Ագապին հույս չունի, որ այսօր կտեսնի ամուսնուն, ենթադրում է, որ հիվանդանոց կտեղափոխեն ու կտեղեկացնեն, վաղը կգնա այցի:

Նկատենք՝ Կարեն Շահնազարյանը Թալինի ջրանցքում ընկերների կյանքը փրկած 10-ամյա Արմենի հայրն է:

Share