Մամուլ

Գույքահարկը բարձրանում է բացառապես բոլորի համար՝ անկախ գույքի արժեքից և սոցիալական վիճակից․ Մանե Թանդիլյան

Գույքահարկը բարձրանում է բացառապես բոլորի համար՝ անկախ գույքի արժեքից և սոցիալական վիճակից․ Մանե Թանդիլյան

«Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը Ֆեյսբուքի իր էջում նախօրեին գրել է․

«Կառավարությունը հավանություն է տվել Հարկային օրենսգրքի փոփոխություններին, որով իրականացվելու են երկար սպասված գույքահարկի փոփոխությունները։

Մինչ այս պարզ էր, որ անցում ենք կատարում շուկայական արժեքից գույքահարկի հաշվարկին, որը առաջացրել էր արդարացի դժգոհություն սոցիալական խոցելի խավերի մոտ։

Արդյունքում, առաջարկով մի քանի անգամ ավելանալու է գույքահարկը, որը նախատեսվում է իրականացնել աստիճանաբար՝ 4 տարվա ընթացքում։

Սակայն, հատկանշական է առանձնացնել հետևյալը՝

• Բազմիցս խոսվող շքեղ առանձնատների մասով չկա որևէ հավելյալ փոփոխություն՝ առավելագույն շեմը 100 մլն դրամ է 1% դրույքաչափով, որի արդյունքում չկա որևէ տարբերություն Կենտրոնի բնակարանի և շքեղ առանձատների միջև։

• Գույքահարկը բարձրանում է բացառապես բոլորի համար՝ անկախ գույքի արժեքից և սոցիալական վիճակից։

• Ոչ միայն չի բարձրացվում, այլ վերացվում է չհարկվող շեմը, որի արդյունքում մոտ 580,000 քաղաքացի սկսելու է գույքահարկ վճարել, որը չի անում հիմա։ Սա ոչ միայն հավելյալ սոցիալական խնդիրներ է առաջացնելու, այլ նաև պետական համակարգում ավելացնելու է հերթական վարչարարությունը և գործընթացները, աշխատակիցների քանակը և այլն։

Պատրաստվում եմ առաջարկ ներկայացնել շքեղ գույքերի համար գույքահարկի դրույքաչափը կտրուկ բարձրացնելու մասով, ինչպես նաև պահպանելով չհարկվող շեմի համակարգը։

Ակնհայտ է, որ սա առաջացնելու է սոցիալական խնդիր, ինչն էլ հենց հաստատում է փուլային բարձրացումը։ Եվ եթե կառավարությունը չներառի սոցիալական կոմպոնենտ, ապա այս “հեղափոխական” օրենքը պատուհաս է դառնալու հասարակության համար»։

Կիսվել նյութով