Գողության դեպք՝ Երևանում․ գողացել են 1․5 մլն դրամի ծխախոտներ
Մայիսի 19-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Սմոք Հաուզ» ֆիրմային խանութից առավոտյան ժամը 05։00-ից մինչև 06։00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են ծխախոտներ և այլ իրեր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում ոստիկանները պարզել են, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Մարգարյան փողոց 10/16 հասցեում գտնվող «Սմոք Հաուզ» ֆիրմային խանութի մուտքի դուռը, մուտք գործել ներս և գաղտնի հափշտակել ծխախոտներ, էլեկտրական սարքեր, պատճառելով 1 մլն 500 հազար դրամի նյութական վնաս։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս և ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողություն կատարած անձը հանդիսանում է Երևանի բնակիչ 31-ամյա Վարազդատ Գ․-ն և ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։



